«Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող երեք քաղաքական ուժերը բանակցում են, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրեն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանին: Ինքը՝ Բարսեղյանը հաստատում է, որ իր թեկնածությունը քննարկվում է, բայց դեռ չի ասում՝ արդյոք համաձայնե՞լ է:
«Իմ առաջադրման, իմ հնարավոր ընկերների՝ նախկին, ներկա առաջադրման հետ կապված հենց որոշակի լուր կամ որոշում լինի, անպայման առաջինը տեղյակ կպահեմ», - նշեց Բարսեղյանը:
«Եվաքվե»-ի ուժերից «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն ասում է՝ Լևոն Բարսեղյանին առաջադրելու հարցից բացի հիմա քննարկում են նաև մարտի 30-ին կայանալիք արտահերթին դաշինքով մասնակցությունը:
«Դաշինքի շուրջ կարծես արդեն վերջնականանում է մեր որոշումը, որ գնալու ենք դաշինքով: Այսինքն, մեծ հաշվով, «Եվրաքվե»-ի ֆորմատով: Հիմա այդ նույն կազմով մեզ հաջողվում է մասնակցել այս ընտրություններում: Հույս ունեմ, որ վերջնական որևէ խոչընդոտ չի լինի՝ համաձայնության գալ կազմակերպությունների և կուսակցությունների միջև», - նշեց Բաբաջանյանը:
«Հանուն Հանրապետություն»-ից բացի «Եվրաքվե»-ի մաս են կազմում նաև «Հայաստանի Եվրոպական» և «Հանրապետություն» կուսակցությունները: 2023-ին Երևանում նաև «Հանրապետության» ձայների շնորհիվ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ ընտրվեց, կուսակցությունը պաշտոններ ստացավ մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո նույնը սցենարը կրկնվի Գյումրիում.
«Այդ քննարկումը հիմա ամենասուր հարցն է, և «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերոջ՝ Արամ Սարգսյանի հետ այդ մասին խոսում ենք: Չունենք այս պահին վերջնական, ընդգծված որոշում, բայց մենք այս ընտրություններին չենք մասնակցում՝ սրան կամ նրան աջակցելու, դաշնակցելու, մենք գնում ենք հաղթելու», - պատասխանեց նա:
Արևմտամետ ուժերը Գյումրիի ՏԻՄ ընտրությունները փորձաշրջան են համարում 2026-ի համապետականին ընդառաջ:
Նախընտրական կրքերը Գյումրիում օրեցօր են թեժանում
Գյումրիի ընտրություններին մասնակցող ուժերի վերջնական պատկերը պարզ կդառնա մարտի 5-ին, մինչ այդ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում նախընտրական կրքերն արդեն օրեցօր են թեժանում: Իշխանական ու ընդդիմադիր թեկնածուներից մեկն անգամ հեշթեգերի ու պաստառների պայքար է սկսել:
Երեկ օրվա երկրորդ կեսին քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Անի» թաղամասի կառուցապատման իր տեսլականն էր ներկայացնում «ՄերՌուբոնէ» հեշթեգով:
Կարճ ժամանակ անց համացանցում ՔՊ-ականներն իրար հերթ չտալով հրապարակեցին քաղաքապետի իրենց թեկնածուի պաստառի նկարը՝ «Մեր Սարիկը» կարգախոսով: Իսկ ավելի ուշ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը Ռուբեն Մխիթարյանին մեղադրեց՝ «ջեբկիրության» մեջ ու պնդեց, թե կարգախոսը իրենք դեռ փետրվարի 10-ին հաստատել:
Հեռավար ու փոխադարձ մեղադրանքների պակաս չկա նաև քաղաքական հայտ ներկայացրած մյուս թեկնածուների միջև: