Մատչելիության հղումներ

«Չեմ վախենալու». ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարեց Վարդան Ղուկասյանը


Վարդան Ղուկասյանի համակիրները ոստիկանության բաժնի մոտ, 20-ը փետրվարի, 2025թ., Գյումրի
Վարդան Ղուկասյանի համակիրները ոստիկանության բաժնի մոտ, 20-ը փետրվարի, 2025թ., Գյումրի

Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալված Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը երկու ժամ անց ազատ արձակվեց: Նրա դեմքի ու գլխի հատվածում քերծվածքներ կային:

«Այն, ինչ սրանք արեցին այսօր՝ ավտոմատներով, մարդուն գետնին պառկեցնելով, քարշ տալով, 65 տարեկան մարդ ենք, մասկաները փակած: Խայտառակ ձևով… յանի զենք են ման գալիս: Մենք ինչի՞ համար պիտի զենք վերցնենք», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության մոտ հավաքվել էին նախկին քաղաքապետի հարազատներն ու համակիրները: Ղուկասյանը, որ առաջադրվելու է Կոմունիստական կուսակցության ցուցակով, պնդում է՝ այս ամենն արվել է իրեն ընտրապայքարից հետ պահելու համար:

«Բայց մինչև վերջ պայքարելու ենք», - հայտարարեց նա:

Քաղաքապետի թեկնածուի ձերբակալության լուրն, ի դեպ, առաջինը իրենց էջերում սկսեցին տարածել ՔՊ-ականները: Ղուկասյանը զգուշացրեց. «Ես չեմ վախենալու: Շատ համառեցինք, վարչապետ կդառնամ»:

Վարդան Ղուկասյանի հետ միասին նաև նրա անվտանգության աշխատակիցներից մեկն էր ձերբակալվել: Նրա մարմնական վնասվածքներն ավելի լուրջ էին, ոստիկանության բաժնից շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին:

Նախկին քաղաքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանը ապօրինի որակեց ոստիկանության գործողությունները, ասաց՝ իր վստահորդներին հասցված մարմնական ու գույքային վնասվածքի համար իրավական գործընթաց կսկսեն:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Ղուկասյանի և նրա թիկնապահի մոտ արգելված իր չի հայտնաբերվել, նաև մեքենան են ստուգել ու վնասել:

Ոստիկանության մոտ էր նաև Ղուկասյանին առաջադրել պատրաստվող Կոմկուսի երկրորդ քարտուղար, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Նա ևս այս ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքտ է տեսնում:

Գյումրիի արտահերթ ընտրությունները մարտի 30-ին են նշանակված: Վաղն առաջադրումների առաջին օրն է, բայց մթնոլորտը մեծությամբ երկրորդ քաղաքում նախքան այս միջադեպն էլ բավականին շիկացած էր: Թեկնածուները պարբերաբար մեղադրանքներ ու վիրավորանքներ են փոխանակում: Ընտրապայքարից Ղուկասյանին ետ պահելու մասին պնդումներին արձագանքել է Գյումրիի ավագանու «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ դրանք ծիծաղելի որակելով: Իսկ քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է՝ «վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է»:

XS
SM
MD
LG