Գյումրիի ընտրողների պաշտոնական թիվը` 112 հազար 160, հարցեր է առաջացրել ընդդիմության մոտ։ Ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը նկատել է, որ նախորդ տեղական ընտրություններից երեք տարի անց Գյումրիում ընտրողների թիվն ավելացել է 2 հազար 707-ով։
«Արդյո՞ք Արցախից բռնի տեղահանված մեր համաքաղաքացիները ընդգրկվել են տվյալ ցուցակներում։ Օրինակ՝ Հնդկաստանի քաղաքացիները, ունե՞ն ընտրելու իրավունք, թե՞ չունեն, ՌԴ-ից տեղափոխված քաղաքացիները, պատերազմի հետևանքով տեղափոխված քաղաքացիները։ Պարզաբանում ենք պահանջում, որպեսզի հետագայում այս հարցը շահարկումների առիթ չդառնա, և քաղաքացիները վստահ լինեն, որ ընտրացուցակները կազմված են ճշգրիտ»,- նշել է նա։
Մեկ օր լռելուց հետո Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ տեղական ընտրություններում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի քաղաքացիներից բացի, քվեարկելու իրավունք ունեն նաև առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք։
Այսինքն՝ Գյումրիում հաշվառված արցախցիները, Հնդկաստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիները կարող են մասնակցել մարտի 30-ի արտահերթ ընտրություններին, եթե այնտեղ մեկ տարվա հաշվառում ունեն։ Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 112 հազար 160 չափահաս քաղաքացիներից 921-ը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեն, այսինքն՝ տեղահանված արցախցիներն են, իսկ 2 հազար 206-ը Գյումրիում մեկ տարվա հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիներն են։
Չեն դադարում խոսակցությունները և մամուլի հրապարակումները, թե իշխանությունները Գյումրիի ընտրացուցակները ջավախքցիներով են համալրում՝ իրենց թեկնածուի օգտին ձայներ ապահովելու համար։ Ավագանու ընդդիմադիր անդամը ևս նման տեղեկություններ ունի, բայց որևէ ապացույց չի ներկայացնում։ Դրա համար նույն ՆԳՆ-ի պարզաբանմանն էր սպասում։
ՆԳՆ-ի պարզաբանման մեջ այս հարցին ևս անդրադարձ կա։ Ըստ նախարարության՝ Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա այն պարզ պատճառով, որ ՏԻՄ ընտրությունների դեպքում օտար երկրի քաղաքացին առնվազն մեկ տարվա հաշվառում պիտի ունենա, իսկ ՀՀ քաղաքացին՝ առնվազն վեց ամսվա։
Ամեն դեպքում, ընտրացուցակների հրապարակումից հետո ընդդիմադիր քաղաքական ուժը կփորձի ստուգել դրանց ճշգրտությունը։
Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու ցանկություն տասից ավելի քաղաքական ուժ է հայտնել։ Չնայած անցած շաբաթվանից արդեն կուսակցություններն ու դաշինքները կարող էին պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը, մինչ այս պահը ընտրատարածքային հանձնաժողովի դուռը դեռ ոչ ոք չի թակել։ Առաջադրումների վերջնաժամկետը մարտի 5-ն է։