Արևմտամետ երեք քաղաքական ուժերը՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Հայաստանի եվրոպական կուսակցությունները դաշինքով կմասնակցեն Գյումրիի տեղական ընտրություններին: Նրանց քաղաքապետի թեկնածուն կլինի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը:
«Եվրադաշինքի» հուշագիրը ստորագրելուց հետո «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց՝ իրենք գյումրեցիներին քաղաքական այլընտրանք են առաջարկում:
«Մենք գտանք, որ գյումրեցին արժանի է քաղաքակա՛ն թեկնածու ունենալու: Որովհետև նայում ենք՝ Գյումրիում ընտրությունների մասնակիցները բիզնեսի ներկայացուցիչներ են, որոշակի թաղի, թաղային հեղինակություն ունեցող, քուչում հարգված տղերք են՝ մոտավորապես էսպես ասած: Ու ես կարծում եմ, որ գյումրեցին քաղաքական ընտրության իրավունք ունի, և մեր դաշինքը քաղաքակա՛ն անվանում ունի, մենք քաղաքակա՛ն այլընտրանք ենք առաջարկում Գյումրիին», - հայտարարեց Սարգսյանը:
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հավելեց, թե Գյումրին դեպի արևմուտք ամենամոտ դարպասն է, և հենց այստեղից սկսելը կարևոր է հենց իրենց համար:
«Գյումրին այս օրվան սպասել է, որպեսզի մենք վերջապես ոչ թե աչքաչափով, ոչ թե էս կան էն անձի հեղինակության հանգույն էստեղ թեկնածու առաջադրենք ու էս քաղաքը տանք ամեն պատահածի, այլ վերջապես ծրագիր, ռազմավարություն, քաղաքը կառավարելու հանձնառություն, գիտելիք, հմտություն ունեցող մեկին կարողանանք վստահել քաղաքը: Մենք էլ մեր բոլոր կապերով՝ մեր ունեցած բոլոր, Արևմուտքում, եվրոպական առաջատար քաղաքներում, էդ փորձը կարողանանք բերել հենց Գյումրի», - ասաց Բաբաջանյանը:
Քաղաքական այս երեք ուժերի ղեկավարները մի քանի շաբաթ է բանակցում էին միավորվել-չմիավորվելու շուրջ: Ընդունեցին, որ նաև իրենց թեկնածուին են դժվարությամբ համոզել: Ի՞նչն է համոզել Լևոն Բարսեղյանին 4-րդ անգամ մտնել ընտրապայքարի մեջ:
«Ոչ ոք երբևէ չկարողանա ասել, թե մենք բոլորս ենք մեղավոր, որ այսպես, այսպես ... Դուք տեսել եք հավակնորդների ելույթները, իրար նկատմամբ վիրավորական արտահայտություններ, երբեմն՝ զրպարտչական, ատելության խոսքն եք լսել, և այլն, և այլն: Եվ էդ քաղաքական ուժերի հիմա երևացող, կամ անձանց՝ ես հեգնանքով հարցրեցի, էլի, քաղաքական ուժե՞ր եք ասում, իրենց ամբողջ սպեկտրը եթե փորձեք ինչ-որ մի գաղափարաբանական սպեկտրի վրա շարել՝ ծայրահեղ աջեր, ձախեր, և այլն, և այլն, դեֆիցիտ է էդ ամբողջ սպեկտրի մեջ էս ուժը, էս դաշինքը», - ասաց Բարսեղյանը՝ շարունակելով. - «Հիմա արդեն հանգիստ խղճով ես կարող եմ քաղաքին ասել, որ «երբևէ չասեք, թե դուք ընտրություն չունեք», ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք դա բացատրելու ենք, էլի, որ «չգնաք բազմոցին փռված ողբաք, ասեք՝ «մենք ընտրություն չունեինք»:
2023-ի Երևանի ընտրություններից հետո նաև «Հանրապետություն» կուսակցության ձայների շնորհիվ Տիգրան Ավինյանը կարողացավ քաղաքապետ ընտրվել: Նույն օրը «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հանրապետություն»-ը համագործակցության հուշագիր ստորագրեցին, «Հանրապետություն»-ը փոխքաղաքապետի և երկու թաղապետի պաշտոն ստացավ: Այժմ կարծիքներ են հնչում, որ «Եվրադաշինքը» Գյումրիի ավագանի անցնելու դեպքում ի վերջո կմիանա իշխանություններին:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգայանն ասաց՝ իրենք ընտրապայքարի մեջ են մտնում հաղթելու համար, ու առաջարկեց «Քաղաքացիական պայմանագրից» ճշտել՝ կմիանա՞ն «Եվրադաշինք»-ին:
«Ասեք՝ «դուք կմիանա՞ք իրենց, եթե իրենցից մի քիչ ավելի քիչ քվե հավաքեք»: Որովհետև ես շատ կարևորում եմ: Չգիտես ինչի բոլորը մտածում են, որ նրանք են ավելին հավաքելու, ու մենք պիտի միանանք: Չէ, բերեք էդ փոխենք: Իսկ ինչի՞ պիտի էդպես լինի: Էդպես էր նախկին իշխանությունների ժամանակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ցավոք, էդպես է նաև Նիկոլ Փաշինյանի ժամանակ, ու մեղավորը մենք ենք: Էդ փոխել է պետք, էդ ամեն ինչը փոխել է պետք», - ընդգծեց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Երևանի օրինակը Գյումրիում կրկնելուն, Արամ Սարգսյանն արդարացավ, թե ստիպված էին ՔՊ-ի հետ համագործակցության գնալ, վստահեցնելով, թե բավականին ծանր է եղել այդ որոշումը կայացնելը:
«Մենք միացել ենք, որպեսզի ռուսական ազդեցության ուժերը քաղաքը չվերցնեն, և իրենք էլ հայտարարում էին, որ քաղաքը վերցնելուց հետո վերցնելու են հանրապետությունը: Ընդամենը էսքան բանի համար: Այսինքն՝ մենք գնացել ենք զոհողության, ոչ թե պաշտոններ վերցնելու», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
«Եվրաքվեի» ընտրացուցակը և նախընտրական ծրագիրը դեռ վերջնական պատրաստ չեն: Ի դեպ, քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանն առաջարկում է ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին մի վարքականոնի շուրջ միավորվել ու այն չխախտել: