Շռայլ խոստումներ ու փոխադարձ մեղադրանքներ. այսպես կարելի է նկարագրել քաղաքական մթնոլորտը Գյումրիում, որտեղ քարոզարշավի մեկնարկին դեռ մեկ ամիս կա:
Քաղաքապետի թեկնածուներն արդեն տարբեր՝ մեծ ու փոքր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ Գյումրին ազատ տնտեսական գոտուց մինչև ակադեմիական հայրաքաղաք են ուզում դարձնել, մյուսները ցանկանում են քաղաքն ազատել թափառող շներից ու բակերը լուսավորել:
Աշտարակում նախատեսված Ակադեմիական քաղաքը Գյումրի տեղափոխել է առաջարկում նախկին քաղաքապետ, Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը: Նրա այս նախաձեռնությանը իշխանությունից արձագանք չկա:
«Մայր Հայաստանի» թեկնածուն էլ ստորագրահավաք է սկսել, որ Գյումրին տնտեսական ազատ գոտի դարձնի:
Բայց խոսումներից պակաս թեժ չեն մեղադրանքները: Այն բանից հետո, երբ օրերս որպես իշխանությունների դեմ պայքարող հանրային գործիչ հանդես եկող, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, ՔՊ-ականները սկսեցին ֆեյսբուքյան էջերում հրապարակել երրորդ նախագահից պարգև ստանալու՝ Մխիթարյանի լուսանկարն ու պնդեցին, թե նա Սերժ Սարգսյանի փեսա, հետախուզվող Միքայել Մինասյանի դրածոն է:
Կրքերն էլ ավելի բորբոքվեցին, երբ Միքայել Մինասյանի հետ ընկերությունը չուրացող Ռուբեն Մխիթարյանը «ՔՊ-ի ԺՊ-ն» վերտառությամբ տեսանյութ հրապարակեց, որտեղ մեղադրեց ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու ու այժմ համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին:
Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Միասյանը, սակայն, լուռ է, վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներին չի արձագանքում, փոխարենը նրա թիմակից, ՔՊ-ի տեղի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանն է պնդում՝ համայնքապետն իր պարտականություններն է կատարում:
Մարտի 30-ին նախատեսված արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը Գյումրիում կմեկնարկի մարտի 15-ին: Քաղաքապետի աթոռի վրա աչք ունի արդեն տասը թեկնածու: Վերջնական պատկերը պարզ կդառնա մարտի 5-ին, երբ ավարտվեն առաջադրումները: Ժամկետից շուտ քարոզարշավը արգելող որևէ օրենք չկա, պարզաբանեցին ԿԸՀ-ից: