Նախքան Մյունխեն մեկնելը վարչապետը երեկ երեկոյան հասցրեց կուսակիցների հետ մարտի վերջին կայանալիք Գյումրիի արտահերթը քննարկել: Նիստին Գյումրիից Երևան էր հասել «Քաղաքացիական պայմանագրի» տեղի կառույցի գրեթե ողջ կազմը: Արդյոք մրցակիցների օրեցօր ավելացող թի՞վն է պատճառը, որ իշխող ուժը հենց միայն Գյումրիի հարցով նիստ գումարեց:
«ՔՊ-ն իրար չի խառնվել, ավելին՝ ողջունում է այդ առաջադրումները, շատ լավ է, որ առաջադրվում են, և շատ հետաքրքիր ընտրապայքար է սպասվում», - նշեց ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը:
Սարուխանյանը պնդում է՝ ամեն հինգշաբթի ՔՊ-ն նախաձեռնողի նիստ է անում ու երեկ հերթականն էր, օրակարգում էլ՝ Գյումրիի տեղական ընտրությունները: Նիստում որոշվել է, որ ՔՊ-ի նախընտրական շտաբը նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը կղեկավարի:
«Քննարկում էինք ընդհանուր ստեղծված իրավիճակը, մեր անելիքները, մեր ասելիքը, նախընտրական քարոզարշավը, կազմակերպչական տեխնիկական հարցեր», - ասաց Կարեն Սարուխանյանը:
ՔՊ-ն հիմա նախընտրական ծրագիրն է մշակում ու ընտրացուցակը կազմում: Առաջին համարը Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ի շարքերը փրայմըրիզում հաղթելուց հետո համալրած Սարիկ Մինասյանն է: Քաղաքական որոշում կա, որ փրայմըրիզի մյուս թեկնածուները ևս կընդգրկվեն ցուցակում:
Առաջադրումների վերջնաժամկետը մարտի 5-ն է: Քաղաքական ուժերի ակտիվությունը Գյումրիում Կարեն Սարուխանյանը բնական է համարում, քանի որ մեծությամբ երկրորդ քաղաքի արտահերթը նախորդում է 26-ի խորհրդարանական ընտրություններին:
«Այս ընտրությունները, որքան դե յուրե համարվում են ՏԻՄ ընտրություններ, բայց դե ֆակտո քաղաքական ընտրություններ են լինելու ավելի շատ, որոշ քաղաքական ուժեր փորձում են Գյումրիում դիրքավորվել որպես նախընտրական տարի խորհրդարանական ընտրություններին, դա մենք տեսնում ենք, զգում ենք, հետևաբար մենք էլ մեր չափով որպես քաղաքական ուժ մեր աշխատանքներն ենք տանում», - ընդգծեց Սարուխանյանը:
Այս պահին արդեն հայտնի է, որ արտահերթին իշխող ՔՊ-ից բացի կմասնակցեն «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», «Դեմոկրատական այլընտրանք», Դաշնակցություն, «Իմ հզոր համայնք», ԴՕԿ կուսակցությունները, «Մայր Հայաստան» դաշինքը, Կոմկուսը, որի ցուցակը գլխավորելու է 13 տարի Գյումրին ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Սարուխանյանը նրա վերադարձը քաղաքականություն պատահական չի համարում, պնդում է՝ քրեական մի քանի գործերով անցնող Ղուկասյանը ցանկանում է իրավական գործընթացը քաղաքականացնել:
«Այդ քրեական գործերի քողի տակ քաղաքական, քրեական գործերը քաղաքականացնելու միտում եմ ես տեսնում հիմա, որովհետև գալու է մի պահ, երբ որ այդ քրեական գործերի արդյունքում ինչ-որ վճիռներ կայացնելու և գյումրեցիներին ասելիք կունենա, որ՝ «ոչ թե ես թալանել եմ քաղաքը, այլ տեսա՞ք իմ վրա քաղաքական քրեական գործեր կարվեցին», տրամաբանությունը դա է լինելու», - նշեց նա:
Վարդան Ղուկասյանը, որ մեղադրյալ է փողերի լվացման ու պաշտոնական կեղծիքի հոդվածներով նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով է անցնում, «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ քրեական գործերն իրեն չեն կաշկանդի՝ մինչև վերջ գնալու է:
Գյումրիի արտահերթի օրը պաշտոնապես դեռ չի նշանակվել, բայց ըստ ժամանակացույցի արդեն պարզ է, որ մարտի 30-ին կլինի: Մինչ այդ Հայաստանի երկրորդ քաղաքում արդեն նախընտրական տրամադրություններ են, օրեցօր ավելանում են քաղաքական ուժերի պաստառները, ամենուր հանդիպումներ ու միջոցառումներ են: