Ի՞նչ էր քննարկվում Փարիզում
Խաղաղապահներ Ուկրաինայի համար, կայուն խաղաղություն Ուկրաինայում և եվրոպական մայրցամաքում. Եվրոպայում այս հարցերով կոնսենսունսի փնտրտուքի մեջ են։
Եվրոպացի առաջնորդները միաժամանակ փորձում են Մոսկվայի հետ հարաբերությունները վերանայող Վաշինգտոնին համոզել, որ Կիևի խնդրով ցանկացած գործարքում պետք է հաշվի առնվեն եվրոպական անվտանգության խնդիրները։ Այս հարցերն էին քննարկում նախորդ երկու օրերին Եվրամիության անդամ երկրների, ՆԱՏՕ-ի և եվրոպական դաշինքի ղեկավարները՝ փորձելու միասնական պատասխան ձևակերպել, իրենց գնահատմամբ, ԱՄՆ-ի քաղաքականության «ցնցող փոփոխության» ֆոնին։
Եվրոպան վճռական է ոչ միայն իր խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու, այլև Վաշինգտոնի ռազմաքաղաքական աջակցությունից զրկվող Կիևին օգնելու հարցում, երեկ Փարիզում կայացած քննարկումներից հետո հայտարարել է հավաքը նախաձեռնած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Բուռն քննարկումներ Լոնդոնի պլանի շուրջ
Այս հավակնոտ խոստման ֆոնին՝ դաշինքում բուռն քննարկումներ է հարուցել Լոնդոնի պլանը, որն այս պահին Կիևի մերձավոր դաշնակիցների միակ գործնական առաջարկն է։ Բրիտանական կառավարության ղեկավար Քիր Սթարմերի առաջարկը, որը կարող է Եվրոպայի ներդրումը դառնալ Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների թվում, եվրոպական շուրջ երեք տասնյակ երկրներից 30 հազարանոց խաղաղապահ զորքի տեղակայումն է Ուկրաինայում։
Առաջիկա օրերին Սպիտակ տանը հյուրընկալվող Սթարմերն, ըստ բրիտանական մամուլի, պատրաստվում է այդ ծրագիրը մանրակրկիտ քննարկել նախագահ Թրամփի հետ։ Մինչ այդ Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել էր, որ դեմ չէ, եթե Եվրամիությունն իր ուսերին վերցնի Ուկրաինայում խաղաղապահ առաքելությունը։
Բայց ի տարբերություն Վաշինգտոնի՝ եվրոպական ընտանիքի ներսում այդ գաղափարին մինչ այս պահն ավելի շատ ընդդիմանում, քան աջակցում են։ Օրինակ՝ Լեհաստանը, որը մեծ բանակ ունի և Եվրոպայում Կիևի ամենաակտիվ և հուսալի աջակիցներից է, կտրականապես հրաժարվում է զինվոր ուղարկել սահմանակից երկիր։
Եվրամիության մյուս առաջատար երկրի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վաղաժամ լքել է Փարիզի բանակցությունները, պնդելով, որ իրեն «նյարդայնացրել» են այս հարցի շուրջ «վաղաժամ» քննարկումները:
Իտալիան, Իսպանիան, Դանիան ևս զգուշավոր են խոսում այս գաղափարի մասին։ Հունաստանի վարչապետը չի հստակեցնում այդ հարցով Աթենքի դիրքորոշումը, փոխարենն առաջարկել է նախ արթնանալ աշխարհաքաղաքական և տնտեսական լեթարգիայից:
«Ցավոք, վերջին զարգացումները և ԱՄՆ-ի տարբերվող տեսակետը մեզ ստիպում են ոչ միայն առերեսվել ճշմարտությանը, այլև շատ արագ շարժվել և իրականացնել որոշումներ, որոնք մենք երկար ժամանակ քննարկում էինք, այդ թվում՝ պաշտպանական քաղաքականության ընդունումը, որը թույլ կտա Եվրոպային ինքն իրեն զսպող ուժ դառնալ և մշտապես կախված չլինել ԱՄՆ-ից», - ասել է նա:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Թրամփի գլխավոր պահանջն է կարևորում՝ մեծացնել պաշտպանական ծախսերը. «Ավելի շատ երկրներ պետք է դրամատիկ տեմպերով, շեշտում եմ, դրամատիկ տեմպերով մեծացնեն իրենց ազգային պաշտպանությունը»։
Բալթյան երկրներից Լատվիայում հարցը քննարկվում է, բայց նման նախաձեռնությանը միանալու համար բաց հարցեր կան, ասել է նախագահ Էդգար Ռինկևիչսը. «Եթե չկա ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որը երաշխավորում է անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը հարձակման դեպքում կամ համարժեք ինչ-որ բան, ապա վտանգի տակ դնելով մեր զինվորներին, նույնիսկ եթե ինչ-որ մեկը հարձակվի ուկրաինացի զինվորների վրա, մենք ստիպված կլինենք օգնության գնալ, իսկ մենք չենք ստանա բավարար աջակցություն»։
Սթարմերի առաջարկը չի ենթադրում եվրոպացի զինվորականների տեղակայում շփման գծում. «Տելեգրաֆ»
Բրիտանական «Տելեգրաֆ»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ վարչապետ Սթարմերի առաջարկը չի ենթադրում եվրոպացի զինվորականների տեղակայում շփման գծում: Նրանք, ըստ պարբերականի, կգտնվեն ուկրաինական խոշորագույն քաղաքներում, նավահանգիստներում և այլ կենսական նշանակություն ունեցող կառույցներում, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներում։
Եվ մինչ պաշտոնական Լոնդոնը կհաստատի տեղեկությունները, եվրոպական երկրներն էլ կհստակեցնեն իրենց դիրքորոշումները, Մոսկվան, որը հարևան երկրի դեմ հարձակումը հիմնավորում է նաև իր սահմաններին ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձերով, հայտարարում է՝ գաղափարն անընդունելի է:
«Առաջարկն անընդունելի է, քանի որ դրանում կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի ուժեր և հետևաբար Ռուսաստանի սեփական անվտանգության համար հետևանքներ կունենան», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։