Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն այսօր ժամանել է Կիև։
Քելլոգին գնացքի կայարանում դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
ԱՄՆ պաշտոնյայի այցի ստույգ ծրագիրը դեռևս հայտնի չէ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա միայն ասել է, որ Վաշինգտոնը հասկանում է անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։
«Իմ առաքելության մի մասը լսելն է: Հետո ես կվերադառնամ ԱՄՆ և կխոսեմ նախագահ Թրամփի հետ»,- ասել է Քելլոգը։
Նրա այցը Կիև տեղի է ունենում նախօրեին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություններից հետո։
Մեկ շաբաթ առատ Պետդեպարտամենտը հաղորդեց, որ Քելլոգը փետրվարի 13-ից 22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ Ուկրաինայում ուժեղ դիրքերից խաղաղություն ապահովելու և Ամերիկայի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու նախագահ Թրամփի նպատակին հասնելու համար։
Փետրվարի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Քիթ Քելլոգի հետ հանդիպմանն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։