Մատչելիության հղումներ

Կլինե՞ն եվրոպացի խաղաղապահներ Եվրոպայում․ երբ, ինչպես, և որքանո՞վ է դա հնարավոր


Ուկրաինական պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերը վերջին օրերին ակտիվացել են, ինչը դրդել է եվրոպական երկրներին նոր հրատապությամբ սկսել խոսել այդ երկիր խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին:

Երբ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջին անգամ շրջանառեց այդ գաղափարը, քչերը պաշտպանեցին այն: Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է:

Սաուդիան Արաբիայում Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի բանակցություններից հետո, որոնց Ուկրաինան ու եվրոպական երկրները հրավիրված չէին, Վաշինգտոնն ու Մոսկվան հայտարարեցին, թե պատրաստ են ակտիվորեն առաջ շարժվել՝ խաղաղության հասնելու համար։ Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյաները արդեն մի քանի անգամ հստակ ասել են, որ Նահանգները չի պատրաստվում մասնակցել հնարավոր խաղաղապահ առաքելությանը և դեմ է նաև, որ այն գործի ՆԱՏՕ-ի հովանու տակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ռուս-ամերիկյան բանակցություններից հետո հայտարարեց, թե Վաշինգտոնը դեմ չէ, եթե Եվրամիությունը այդ խաղաղապահ առաքելությունն իր ուսերին վերցնի։

«Սա բարդ խնդիր կլինի եվրոպացիների համար, բայց դրանից հնարավոր չի լինի խուսափել», -«Ազատությանն» ասել է Ջեյմի Շեյը, որը 2018 թվականին թոշակի անցնելուց առաջ ծառայել է ՆԱՏՕ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոններում:

Ըստ փորձագետի՝ այդ առաքելության համար կարող է պահանջվել մոտ 50 հազար եվրոպացի զինվոր, ինչը նշանակում է 150 հազար ընդհանուր անձնակազմ՝ «անխափան ռոտացիաներով»:

Արդեն երկրորդ օրն է՝ Ֆրանսիան եվրոպական երկրների արտահերթ հանդիպում է անցկացնում, որտեղ, սակայն, առաջնորդներին առայժմ չի հաջողվել այս հարցում ընդհանուր հայտարարի գալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պնդել է, թե Լոնդոնը պատրաստ է զինվորներ ուղարկել, բայց ԶԼՄ-ներում նաև լայնորեն ներկայացվեցին հակառակ տեսակետներ, թե Բրիտանիայի ռազմական հնարավորությունները իրականում սուղ են:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին եվրոպական առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ, 17-ը փետրվարի, 2025թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին եվրոպական առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ, 17-ը փետրվարի, 2025թ.

Ընդդիմախոսներից ամենանշանավորը Ռիչարդ Դաննաթն էր՝ բրիտանական բանակի նախկին ղեկավարը․ «Բրիտանական զինուժն այնքան անմխիթար վիճակում է, որ չի կարող առաջնորդել այս առաքելությունը», - ասել է նա:

Մեծ Բրիտանիայի բանակը 2001 թվականից ի վեր հիմնականում կենտրոնացած է եղել հակաահաբեկչական և ապստամբների դեմ ուղղված գործողությունների վրա: Վերջին տասնամյակում այն կրճատումների միջով է անցել։ Անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակված խորհրդարանական զեկույցում ասվում է, որ Բրիտանիան «բավականաչափ պատրաստված չէ»՝ դիմակայելու ռուսական սպառնալիքին:

Անցյալ տարվա հուլիսին ինքը՝ Սթարմերը, Բրիտանիայի զինված ուժերի մասին խոսելիս պնդեց, որ այն գտնվում է «ուժասպառ վիճակում»։

Եվրոպայի մյուս՝ խոշոր զինուժ ունեցող երկիրը Ֆրանսիան է: Ֆրանսիական բանակն ավելի մեծ թվաքանակ ունի, քան բրիտանականը, բայց այն էլ մեծապես ներգրավված է Աֆրիկայում՝ երկարատև մարտական առաքելությունների կազմում։ Փորձագետները թերահավատ են, որ Ֆրանսիայի զինուժն ունակ է ուկրաինական պատերազմի պես ինտենսիվ հակամարտություններ վարել։

«Մեզ մնացել է ընդամենը վեց հեռահար հրթիռային կայան, մենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու իրական միջոցներ չունենք», - նոյեմբերին նշել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի գիտաշխատող Լեո Պերիա Պենյեն:

Շվեդիան և Նիդեռլանդները նշել են, որ հնարավոր է՝ մասնակցեն խաղաղապահ առաքելությանը «որոշակի պայմաններում»: Սակայն Լեհաստանը, որն ունի մեծ բանակ, ասել է, որ Վարշավան Ուկրաինա զինվորներ չի ուղարկի։ Եվրամիության մյուս առաջատար երկրի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վաղաժամ լքել է Փարիզի բանակցությունները, պնդելով, որ իրեն «նյարդայնացրել» են այս հարցի շուրջ «վաղաժամ» քննարկումները:

Ուկրաինացի զինվորները շահագործում են գերմանական արտադրության Leopard 1a5 տանկը Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի շրջանում
Ուկրաինացի զինվորները շահագործում են գերմանական արտադրության Leopard 1a5 տանկը Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի շրջանում

Գերմանիայում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Շոլցը կպարտվի փետրվարի 23-ին կայանալիք դաշնային ընտրություններում: Փորձագետները կանխատեսում են Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հաղթանակը, որի պատգամավոր Յուրգեն Հարդտը «Ազատությանն» ասել է, թե կարող է պատկերացնել գերմանացի զինվորների տեղակայումը Ուկրաինայում, բայց ՄԱԿ-ի դրոշի ներքո:

«Ես չեմ բացառում Գերմանիայի ռազմական դերը, եթե խաղաղության համաձայնագիր լինի ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա, որտեղ միջազգային ուժերին կխնդրեն հետևել կամ նպաստել այդ խաղաղությանը», - ասել է նա:

Բայց որքանո՞վ է իրատեսական նման առաքելությունը

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի անդամ Նիկու Պոպեսկուն դա խնդրահարույց է համարում։

«Ավանդական խաղաղապահ առաքելությունները հիմնված են ՄԱԿ-ի որոշումների վրա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է վետո դնել կամ դադարեցնել այդ առաքելությունը», - ասել է Պոպեսկուն, որը 2021-2024 թվականներին եղել է Մոլդովայի արտգործնախարարը:

ՆԱՏՕ-ի նախկին զինվորական Ջեյմի Շեյը, իր հերթին, այլ հարց է բարձրացնում՝ ինչ խնդիր է լուծելու այդ առաքելությունը և ինչի հաշվին․ «Արդյո՞ք մենք դրա համար պետք է օգտագործենք այն ուժերը, որոնք ներկայումս պաշտպանում են ՆԱՏՕ-ի սահմանները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Լեհաստանը դեմ է դրան։ Եվ երկրորդ՝ արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք ուկրաինական բանակի ամրապնդման վրա և այդ նպատակով ծախսենք մեր միջոցները, ինչպես Դանիան է առաջարկում»:

Քաղաքական նկատառումները նույնպես դեռևս մեծ դեր են խաղում: Արևմտյան Եվրոպայում անցկացված հարցումները մշտապես ցույց են տվել, որ քչերն են պաշտպանում Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարը:

Փորձագետները նշում են, որ նույնիսկ ոչ մարտական առաքելության դեպքում էական հարցեր կան լուծելու՝ պետք է սահմանվեն հստակ կանոններ՝ ինչպես է զինուժը արձագանքելու, եթե, օրինակ, գնդակոծվի ռուսական ուժերի կողմից։ Եթե այդ զորախմբում լինեն զոհեր, դրա քաղաքական հետևանքները կարող են հսկայական լինել: «Այս գաղափարի շուրջ հանրային աջակցություն ստանալը շատ բարդ է լինելու»,- «Ազատությանն» ասել է Շվեդիայի պաշտպանական հետազոտությունների գործակալության ներկայացուցիչ Նիկլաս Գրանհոլմը:

XS
SM
MD
LG