Մատչելիության հղումներ

«Բռնակալ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է արագ գործի, այլապես իրեն երկիր չի մնա». Թրամփ


«Զելենսկին սարսափելի վատ աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial կայքում արված գրառմամբ:

ԱՄՆ նախագահը նշելով, որ Զելենսկին հրաժարում է ընտրություններից, հավելել է, որ ուկրաինական հարցումներում նա շատ ցածր վարկանիշ ունի, և «միակ բանը, որում լավ էր, Բայդենին մատների վրա խաղացնելն էր»։ «Բռնակալ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է արագ գործի, այլապես իրեն երկիր չի մնա», - նշել է նա:

«Պարզապես մտածեք. համեստ հաջողության հասած կատակերգու Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզեց 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը երբեք հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր: Միացյալ Նահանգները 200 միլիարդ դոլարի ավելի գումար է ծախսել, քան Եվրոպան, և Եվրոպայի գումարը երաշխավորված է, մինչդեռ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստանա: Ինչո՞ւ քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց, որ այս հարցում հավասարություն լինի, քանի որ այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, քան մեզ համար: Բացի դրանից՝ Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որ մենք ուղարկել ենք իրեն, «կորել է», - գրել է Թրամփը:

Թրամփը պնդել է, որ հաջողությամբ բանակցում են Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու շուրջ:

«Մի բան, որ բոլորն էլ ընդունում են, որ միայն Թրամփն ու Թրամփի վարչակազմը կարող են անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն բերել, և Զելենսկին հավանաբար ցանկանում է պահպանել այս իրավիճակը և օգտվել ստացվող օգնությունից: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի վատ աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է, և միլիոններն անտեղի մսխվել են: Եվ այսպես շարունակվում է», - նշել է ԱՄՆ նախագահը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ պնդել է՝ Կիևը չի համաձայնի որևէ կարգավորման, որին Ուկրաինան չի մասնակցի, ապա վստահեցրել, որ վերջին սոցհարցման համաձայն՝ իր վարկանիշը 57 տոկոս է, իսկ Թրամփի նշած 4 տոկոսն ապատեղեկատվություն է, որն ԱՄՆ-ին տրամադրել է Ռուսաստանը:

Ուկրաինայի նախագահի հայտարարությանը նախորդել էր Թրամփի պնդումը, թե Զելենսկին կարող էր Ռուսաստանի ագրեսիան կանխել և Մոսկվայի հետ գործարք կնքել տարիներ առաջ դեռ՝ առանց մարդկային ու տարածքային լուրջ կորուստների։

Թրամփը նաև ասել է, թե հիասթափված է, որ Զելենսկին բողոքում է, որ հրավիրված չի եղել բանակցություններին:

«Լսել եմ, որ նրանք վրդովված են, որ տեղ չեն ունեցել բանակցությունների սեղանի շուրջ, բայց նրանք այդ տեղն ունեին երեք տարի և դրանից շատ ավելի առաջ: Դուք երբեք չպետք է սկսեիք, դուք կարող էիք գործարք կնքել»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG