Ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքներից 15 երեխա վերադարձվել է Ուկրաինա, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Երմակն ասել է, որ վերադարձողների թվում նաև մեկ բազմազավակ ընտանիք կա, որտեղ մայրը հրաժարվել է ռուսական փաստաթղթերից և դրա հետևանքով ճնշումների ենթարկվել։
Bring Kids Back-ի տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր 19 հազար 546 երեխա է անօրինական ձևով տեղափոխվել Ուկրաինայից։ Նրանցից առնվազն 2 հազար 442-ը տարվել են Բելառուս։ Սրանք միայն պաշտոնապես արձանագրված դեպքերն են։ Ռուսաստանն իր հերթին հայտնում է 700 հազար երեխայի մասին։
Մոսկվան և Կիևը երեխաների մի քանի փոխանակումներ են իրականացրել՝ ընտանիքների հետ վերամիավորելու համար:
2023 թվականի մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։