Այսօր Փարիզում եվրոպացի առաջնորդների այս շաբաթվա արդեն երկրորդ հրատապ հանդիպումն է՝ քննարկելու Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության հարցերը։ Ելիսեյան պալատը արտահերթ հանդիպումներ է հրավիրում ռուս-ամերիկյան տարանջատ բանակցությունների ֆոնին, երբ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը հայտարարում է, թե Եվրոպան պետք է առավել մեծ դեր ստանձնի սեփական պաշտպանության գործում։
Հավաքից առաջ Ֆրանսիայի նախագահը հարցազրույցում պնդել է՝ «Ռուսաստանը գոյաբանական վտանգ է եվրոպացիների համար»: Էմանյուել Մակրոնն ընդգծել է. «Մի՛ կարծեք, թե անհնարինը չի կարող լինել, այդ թվում՝ ամենավատը»։
Ֆրանսիայի կառավարության խոսնակն էլ այսօր հայտարարել է՝ եվրոպացիները ևս Ամերիկայի պես ցանկանում են վերջ տալ պատերազմին, սակայն հարցն այն է, թե ինչպես է կնքվելու հրադադարը, և ով է մասնակցելու այդ բանակցություններին. «Եթե Եվրոպան ցանկանում է արթնանալ, մենք պետք է մեծացնենք ռազմական ծախսերը, ինչը սկսել ենք անել Ֆրանսիայում»։
Այսօրվա հավաքին մասնակցում են Եվրամիության այն երկրների ներկայացուցիչները, որոնք ներկա չեն եղել շաբաթասկզբին տեղի ունեցած առաջին հանդիպմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Կանադան և Նորվեգիան:
Հավաքին մասնակցող Լատվիայի նախագահը վերստին ասել է՝ Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցություններն «անհնար են» առանց Կիևի և Եվրոպայի. «Ցավոք, 3 տարի մենք խոսել ենք շատ, բայց գործել՝ քիչ։ Հիմա է Եվրամիության համար ժամանակը, որը շատ հստակ անելիքներ ունի Ուկրաինայի օգնության փաթեթի հետ կապված։ Եթե Եվրամիությունն իսկապես ուզում է բանակցությունների սեղանի շուրջ լինել, ապա պետք է շատ հստակ ֆինանսական առաջարկ անի Ուկրաինային աջակցելու համար։ Իհարկե, բաց է մնում հարցը, թե քանի միլարդ կլինի դա», - շեշտել է նա:
Ակնկալվում է, որ հանդիպման առանցքում կլինի նաև Ուկրաինա հնարավոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը։ Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է այս հարցում Ուկրաինային աջակցել։
Եվրոպացի առաջնորդները, սակայն, դեռ հեռու են միասնական դիրքորոշումից։ Գերմանիայի պաշտպանության նախարարն, օրինակ, վաղաժամ լքել է փարիզյան առաջին հանդիպումը՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին խաղաղապահների շուրջ բանավեճը համարելով վաղաժամ։
«Հիմա այդ մասին հրապարակային քննարկելու ժամանակը չէ»,- պնդել է Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը:
Եվրամիությունում ամենամեծ բանակն ունեցող երկրներից մեկի՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ևս ասել էր, թե Վարշավան պատրաստ է շարունակել մարդասիրական ու ֆինանսական աջակցությունը, սակայն լեհ զինվորները Ուկրաինա չեն մեկնի։
Ի դեպ, ո՛չ երկուշաբթի, ո՛չ այսօր կայանալիք հավաքին հրավիրված չեն Հունգարիայի ու Սլովակիայի ներկայացուցիչները, որոնք ի սկզբանե դեմ էին Կիևին աջակցությունը շարունակելու դաշնակիցների առաջարկին: