Մատչելիության հղումներ

Եթե շուտով գործարք չկնքվի Ուկրաինայի հետ, ԱՄՆ-ը ՌԴ-ի ապրանքների համար բարձր հարկեր, մաքսատուրքեր կսահմանի․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, 21-ը հունվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, 21-ը հունվարի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և շահագրգիռ մյուս երկրների նկատմամբ, եթե առաջիկայում հնարավոր չլինի Ուկրաինայում ընթացող պատերազմին վերջ տալու շուրջ համաձայնության գալ։

«Ես չեմ ցանկանում վնասել Ռուսաստանին։ Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ ․․․ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանն օգնեց մեզ հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ այդ ընթացքում կորցնելով գրեթե 60 մլն կյանք։ Այս ամենով հանդերձ, ես չեմ պատրաստվում շատ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը ձախողվում է, և նախագահ Պուտինին», - իր հիմնադրած Truth Social սոցկայքում գրել է նա։

«Կարգավորեք [այդ հարցը] հիմա և դադարեցրեց այս ծիծաղելի պատերազմը: Ամեն ինչ միայն վատթարանալու է: Եթե մենք «գործարքի» չգնանք, և շուտով, ես այլ ելք չունեմ, քան հարկերի, մաքսատուրքերի և պատժամիջոցների բարձր մակարդակ սահմանել այն ամենի վրա, ինչ վաճառվում է Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին և այլ մասնակից երկրներին: Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի: Մենք կարող ենք դա անել հեշտ ճանապարհով, կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: Ժամանակն է «գործարք կնքել»։ Այլևս կյանքեր չպետք է կորսվեն», - ընդգծել է նա։

Այսօր ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի հարցով բանակցություններից, Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ հայտարարել էր, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը, և ընդգծել, թե Եվրոպական միությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային այս հարցում։

Թրամփը նաև ասել էր, որ եթե ԱՄՆ-ն ունենար կոմպետենտ նախագահ, ապա Ուկրաինայում պատերազմ չէր լինի։ «Ուկրաինայում պատերազմը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ: Մենք շփվում ենք Զելենսկիի հետ։ Շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ: Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կընթանա: Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ Եվրամիությունը պետք է վճարի շատ ավելի», - նշել էր ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը նաև ասել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բավական իշխանություն, նաև սերտ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, սակայն քիչ բան է անում ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հետևաբար նրան կոչ է արել օգնել այս խնդրի լուծման հարցում:

Թրամփը նաև ասել էր, որ իր վարչակազմը քննարկում է Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրք սահմանելու հարցը, ապա սպառնացել մաքսատուրքեր կիրառել նաև Եվրոպական միությունից ներկրվող ապրանքների վրա, քանի որ ԱՄՆ-ն ավելի շատ ներմուծում է Եվրոպական միությունից, քան՝ արտահանում, և առևտրային այս անհավասարակշռությունն, ըստ նրա, անարդար է:

«Միայն Չինաստանը չէ... Եվրոպական միությունը շատ-շատ վատ է վարվում մեզ հետ: Նրանք չեն գնում մեր ավտոմեքենաները: Նրանք ընդհանրապես չեն գնում մեր գյուղատնտեսական արտադրանքը, հետևաբար նրանց նկատմամբ ևս մաքսատուրք կկիրառվի: Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք հասնել արդարության», - ասել էր ԱՄՆ նախագահը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG