Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ դաշինքը պետք է հետևի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին և ավելի շատ միջոցներ հատկացնի պաշտպանությանը։
«Մենք միլիարդներ ենք ծախսում մեր դպրոցների, սոցիալական ապահովության, առողջապահության վրա։ Բայց, եթե մենք ավելի շատ ներդրում չանենք պաշտպանության մեջ, այդ ամենը կվտանգվի։ Ռազմական ներուժում ներդրումներ անելու Եվրոպայի անկարողությունը, նաև վտանգավոր ուղերձ է հղում ագրեսորին։ Թուլությունը նրան հրավիրում է ներս մտնել։ Նախագահ Թրամփը ճիշտ է, երբ ասում է, որ մենք բավարար չենք ծախսում։ Ժամանակն է ներդրումներ անել», - ասել է Կալլասը։
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը՝ ընդգծելով՝ իր կարծիքով Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։
Թրամփը նաև բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն մինչև 5 տոկոսի։
Անցած օրերին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Մարկ Ռյուտեն պաշտպանության ամրապնդումն առաջնահերթություն է համարել։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկու երրորդն այժմ ռազմական ներուժին հատկացնում է ՀՆԱ-ի առնվազն երկու տոկոսը, ինչը Ռյուտեի գնահատմամբ ամենևին բավարար չէ։