ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ասել է, որ կստիպի Ուկրաինային և Ռուսաստանին դադարեցնել մարտերը՝ միաժամանակ նշելով, որ Թալիբներից պահանջելու է վերադարձնել 2021 թվականին Աֆղանստանում մնացած միլիարդավոր դոլարների արժողությամբ ամերիկյան ռազմական տեխնիկան։
«Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում, կկանգնեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում և կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը», - ասել է Թրամփը` Վաշինգտոնի «Կապիտալ Արենա»-ում հավաքված բազմաթիվ մարդկանց՝ հունվարի 19-ին՝ իր երդմնակալությունից մեկ օր առաջ: Նա մանրամասներ չի ներկայացրել։
Վերլուծաբաններն ասում են, որ մոտ ժամանակներս դժվար կլինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ինքը հաղթում է և մարտերը դադարեցնելու խթան չունի:
Հանրահավաքի ժամանակ, որը Թրամփի առաջին հանրահավաքն էր Վաշինգտոնում 2021 թվականի հունվարի 6-ից ի վեր, երբ նրա կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում, նա կրկնել է այն ամենը, որ, իր պնդմամբ, կհասնի հաջորդ չորս տարիների ընթացքում ներքին և արտաքին հարցերում, այդ թվում՝ բանակի ուժեղացման։
Հունվարի 20-ի կեսօրին տեղի կունենա Թրամփի երդմնակալության արարողությունը և նա կդառնա Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։
Արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ կանցկացվի Կապիտոլիումի ներսում՝ օդի ջերմաստիճանի զրոյից ցածր լինելու պատճառով:
Իր ելույթի ժամանակ Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգները «տարեկան միլիարդավոր դոլարներ» է տալիս թալիբներին Աֆղանստանում, և որ նա վերջ կդնի դրան, եթե ծայրահեղական խմբավորումը հետ չտա միլիարդավոր դոլարների արժողությամբ ամերիկյան ռազմական տեխնիկան:
«Եվ ես ասում եմ, եթե մենք պատրաստվում ենք տարեկան միլիարդավոր դոլարներ վճարել, ասեք նրանց, որ չենք տալու իրենց այդ գումարը, քանի դեռ նրանք չեն վերադարձրել մեր ռազմական տեխնիկան», - ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգները մոտ 7 միլիարդ դոլարի արժողությամբ զինտեխնիկա թողեց Աֆղանստանում, երբ ամերիկյան ուժերը քաոսային կերպով դուրս բերվեցին այդ երկրից 2021 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ թալիբները կրկին վերահսկողություն էին սահմանել մայրաքաղաք Քաբուլի նկատմամբ:
Թալիբանի կողմից Աֆղանստանի գրավումը հանգեցրել է տնտեսական անկման պարույրի․ երկրի գրեթե 24 միլիոն բնակչության կեսից ավելին մարդասիրական օգնության՝ սննդամթերքի կարիք ունի, նշել է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը։
ԱՄՆ ՄԶԳ-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգներն ավելի քան 2,1 միլիարդ դոլարի մարդասիրական ֆինանսավորում է տրամադրել Աֆղանստանին Թալիբանի իշխանության գալուց հետո:
Աֆղանստանում իշխանություն վերցնելուց հետո Թալիբանը քննադատության է ենթարկվել և դատապարտվել արևմտյան առաջնորդների, միջազգային կազմակերպությունների և ակտիվիստների կողմից մարդու իրավունքների դաժան խախտումների համար, հատկապես կանանց և աղջիկների նկատմամբ: