Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի հարցով բանակցություններից, Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Արտաքին օժանդակությունը ծրագրերը կասեցրած Դոնալդ Թրամփը նշել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը և ընդգծել, թե Եվրոպական միությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային այս հարցում։
«Պատերազմը երբեք չպետք է սկսվեր: Եթե ունենայինք կոմպետենտ նախագահ, պատերազմ չէր լինի։ Ուկրաինայում պատերազմը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ: Մենք շփվում ենք Զելենսկիի հետ։ Շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ: Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կընթանա: Սակայն մի բան, հաստատ գիտեմ՝ Եվրամիությունը պետք է վճարի շատ ավելի», - նշել է Թրամփը:
Դոնալդ Թրամփն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բավական իշխանություն, նաև սերտ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, սակայն քիչ բան է անում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հետևաբար նրան կոչ է արել օգնել այս խնդրի լուծման հարցում:
Թրամփ. ԵՄ-ն պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա
Թրամփը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա, ինչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն է արձագանքել՝ համաձայնելով ԱՄՆ նախագահի հետ: Եվրոպացի դիվանագետն ընդունել է, որ ԵՄ-ն բավականաչափ չի ծախսում պաշտպանության վրա: Նշել, որ անցյալ տարի ԵՄ անդամ երկրները պաշտպանության վրա ծախսել են իրենց ՀՆԱ-ի 1,9 տոկոսը, այն դեպքում, երբ Ռուսաստանը ծախսում է 9 տոկոսը։
«Մենք միլիարդներ ենք ծախսում մեր դպրոցների, բարեկեցության, առողջապահության վրա, սակայն եթե ավելի շատ ներդրումներ չանենք պաշտպանության ոլորտում, այս ամենը վտանգի տակ է: Ռազմական կարողություններում ներդրումներ անելու Եվրոպայի ձախողումը նաև վտանգավոր ազդանշան է ուղարկում ագրեսորին… Ժամանակն է ներդրումներ անել: Մեզ անհրաժեշտ են ներդրումներ անդամ պետություններից և մասնավոր հատվածից, բայց նաև ընդհանուր եվրոպական բյուջեից», - ընդգծել է Կալա Կասան:
Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի հետ առևտրային հարաբերությունների մասին
Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի հետ առևտրային հարաբերություններին՝ ասելով, որ իր վարչակազմը քննարկում է այս երկրներից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրք սահմանելու հարցը, ապա սպառնացել է մաքսատուրքեր կիրառել նաև Եվրոպական միությունից ներկրվող ապրանքների վրա, քանի որ ԱՄՆ-ն ավելի շատ ներմուծում է Եվրոպական միությունից, քան արտահանում, և առևտրային այս անհավասարակշռությունն, ըստ նրա, անարդար է:
«Միայն Չինաստանը չէ... Եվրոպական միությունը շատ-շատ վատ է վարվում մեզ հետ: Նրանք չեն գնում մեր ավտոմեքենաները: Նրանք ընդհանրապես չեն գնում մեր գյուղատնտեսական արտադրանքը, հետևաբար նրանց նկատմամբ ևս մաքսատուրք կկիրառվի: Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք հասնել արդարության», - ասել է ԱՄՆ նախագահը:
Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն, արձագանքելով Թրամփին, ասել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ռազմավարական դաշնակիցներ են, և կարևոր է համագործակցել ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Սակայն Եվրոպան համարժեք պատասխան կտա Թրամփի սահմանած ցանկացած մաքսատուրքին, նշել է նա:
«Եթե մեր տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտություն լինի, մենք համաչափ կպատասխանենք: Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր արժեքները, ինչպես նաև մեր շահերն ու իրավունքները, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - ասել է Դոմբրովսկիսը:
«Մենք կշարունակենք կենտրոնանալ Կանադայի շահերի պաշտպանության վրա». Թրյուդոն՝ Թրամփին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ևս արձագանքել է Թրամփի հայտարարություններին՝ ասելով, որ իր կառավարությունը պատրաստ է պաշտպանել իր շահերը: Նաև նշել է, որ Ամերիկան էլ ավելի բարգավաճ երկիր դարձնելու խոստումը կատարելու համար Թրամփին անհրաժեշտ կլինեն Կանադայի ռեսուրսները:
«Մենք կշարունակենք կենտրոնանալ Կանադայի շահերի պաշտպանության և Կանադայի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական հարաբերությունների պաշտպանության վրա», - ընդգծել է Թրյուդոն:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումն, իր հերթի,ն ասել է, որ իր կառավարությունն արդեն երկկողմ բանակցություններ է վարում ԱՄՆ նոր վարչակազմի հետ, ապա հավելել, որ Մեքսիկայի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ միշտ պաշտպանելու են երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։