«Ամերիկայի ոսկեդարը հիմա է մեկնարկում», - սրանք էին Դոնալդ Թրամփի առաջին բառերը՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Թրամփի երդմնակալության արարողությունը տևեց մոտ մեկուկես ժամ։
Ի դեպ, 1985 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը կայացավ ոչ թե Կապիտոլիումի շենքին հարող հրապարակում, այլ ամերիկյան օրենսդիր մարմնի շենքում։ Նման քայլի պատճառը եղանակային պայմաններն էին՝ Թրամփի երդմնակալության պահին Վաշինգտոնում, ըստ Ցելսիուսի սանդղակի, մինուս հինգ աստիճան էր։
Կապիտոլիումի ռոտոնդայում՝ կլոր դահլիճում, երդումն ընդունելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը հանդես եկավ ծրագրային ճառով՝ հայտարարելով, որ Սպիտակ տուն վերադառնալուց անմիջապես հետո մի շարք, իր բնորոշմամբ, «պատմական» հրամանագրեր կստորագրի։ Ինչպես և կարելի էր ենթադրել դրանցից առաջինը անօրինական ներգաղթի դեմ պայքարի մասին է։
«Մեր հարավային սահմանին ես արտակարգ դրություն կհայտարարեմ։ Անօրինական ներգաղթյալների մուտքն անհապաղ կդադարեցվի և կմեկնարկի մեր երկիր անօրինականորեն մուտք գործած միլիոնավոր հանցագործ օտարերկրացիների՝ իրենց ծագման երկրներ վերադարձի գործընթացը։ Կրկին գործելու է իմ այն քաղաքականությունը, որ կոչվում էր՝ «Մնացեք Մեքսիկայում»։ Եվ ես զորքեր կուղարկեմ մեր հարավային սահման՝ մեր երկրի դեմ իրականացվող այս աղետալի ներխուժումը հետ մղելու նպատակով», - հայտարարում էր ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահը։
«Պանամայի կողմից մեզ տրված խոստումները խախտվում են»
Իր պաշտոնամուտի ճառում Թրամփը նաև հասկացրեց՝ այլ երկրներին տարածքային պահանջներ ներկայացնելու հարցում ինքը ավելի քան լուրջ է տրամադրված։ Այդ հավակնությունների ցանկում առաջինը Պանամայի ջրանցքն է, որ համանուն երկրին է վերադարձվել ընդամենը 26 տարի առաջ՝ դեռ նախորդ դարավերջին կնքված երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Երեկ, սակայն, Թրամփն այդ պայմանագիրը «հիմար նվեր» անվանեց՝ նշելով, որ դրա դրույթները չեն կատարվում։
«Պանամայի կողմից մեզ տրված խոստումները խախտվում են։ Մեր համաձայնագրի նպատակն ու ոգին ամբողջությամբ ոտնահարվել են։ Ամերիկյան նավերը խիստ ուռճացված տուրքեր են վճարում [Պանամայի ջրանցքով անցնելու համար], բացի այդ մեր նավերն, այդ թվում՝ ռազմանավերը, շատ անազնիվ վերաբերմունքի են արժանանում։ Եվ ամենակարևորը՝ Պանամայի ջրանցքը կառավարվում է Չինաստանի կողմից։ Մենք այդ ջրանցքը ոչ թե Չինաստանին էինք փոխանցել, այլ Պանամային, և մենք այժմ վերադարձնում ենք այն մեզ», - հայտարարում էր Թրամփը։
Այս նախահարձակ ելույթներին զուգահեռ՝ Միացյալ Նահանգների նախագահն ընդգծում էր, թե իր վարչակազմը նոր պատերազմներ չի ցանկանում։
«Մենք մեր հաջողության չափանիշ ենք համարելու ոչ միայն ճակատամարտերը, որոնցում հաղթել ենք, այլև պատերազմները, որոնք կարողացել ենք ավարտել, և ամենակարևորը՝ պատերազմները, որոնցում մենք երբեք չենք ներքաշվել։ Այն ժառանգությունը, որով ես ամենաշատը կհպարտանամ՝ խաղաղարարի և միավորողի տիտղոսը կլինի», - պնդում էր Թրամփը։
Թրամփն անդրադարձավ տնտեսական վիճակին
Շուրջ կես ժամ տևած իր ելույթում Թրամփը անդրադարձավ նաև երկրի տնտեսական վիճակին՝ խոստանալով, որ արդեն առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները միանգամայն նոր քաղաքականություն է որդեգրելու այս հարցում։ Դրա առանցքային գաղափարը լինելու է ԱՄՆ տարածքում գտնվող և այժմ կոնսերվացված նավթահորերի և գազային հանքավայրերի օգտագործումը և դրա միջոցով տեղական արտադրությունը խթանելը։
«Ամերիկան մեկ անգամ ևս արդյունաբերական երկիր կդառնա։ Եվ մենք ունենք մի հարստություն, որ չունի աշխարհի արդյունաբերական պետություններից և ոչ մեկը՝ նավթի և գազի խոշորագույն պաշարները։ Եվ մենք պատրաստվում ենք օգտագործել այդ պաշարները», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը։
Երդմնակալության արարողության ավարտին արդեն նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենն ու նրա կինը Կապիտոլիումը լքեցին ուղղաթիռով։ Նրանց մինչև ուղղաթիռ ուղեկցեց Թրամփերի զույգը։ Թեև արտաքնապես նրանք միմյանց հետ շատ ջերմ էին շփվում, Բայդենի՝ նախագահի պաշտոնում ստորագրած վերջին հրամանագրերը վկայում են՝ ԱՄՆ 46-րդ նախագահը իր նախորդին ու հաջորդին չի վստահում։
Բայդենը իր վերջին հրամանագրերով ներում շնորհեց մերձավոր ազգականներից մի քանիսին՝ երկու եղբայրներին, քրոջն ու քրոջ ամուսնում։ Ջո Բայդենի վարչակազմն իր վերջին մամուլի հաղորդագրության մեջ բացատրեց, թե այս քայլը կանխարգելիչ բնույթ ունի։
«Նախագահ Բայդենի ազգականները որևէ հանցագործություն չեն կատարել, սակայն ենթարկվում են քաղաքական դրդապատճառներ ունեցող հարձակումների, և հիմքեր կան ենթադրելու, որ դրանք չեն դադարի», - նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։