Մատչելիության հղումներ

Թրամփն ստորագրել է առաջին հրամանագրերը. 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է առաջին հրամանագրերը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է առաջին հրամանագրերը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Իսկ մինչ այդ նոր վարչակազմը պետք է պարզի, թե արդյոք այդ ծրագրերը համապատասխանում են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին:

Հրամանագրում ասվում է, որ տրամադրվող օգնությունը համահունչ չէ ամերիկյան շահերին, շատ դեպքերում հակասում է ամերիկյան արժեքներին և ծառայում համաշխարհային խաղաղությունն ապակայունացնելու համար: Պարզ չէ, թե որ ոլորտների վրա կանդրադառնա հրամանագիրը, հատկապես որ շատ ծրագրերի ֆինանսավորումը Կոնգրեսն արդեն հատկացրել է կամ պարտավոր է հատկացնել: Բացի այդ՝ հասկանալի չէ, թե արդյոք հրամանագիրը վերաբերում է նաև Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը, որն առայսօր կազմում է մոտ 66 միլիարդ դոլար:

Թրամփը բազմիցս է հայտարարել, որ մտադիր է կարճ ժամանակում վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին: Երեկ էլ ասել է, որ մտադիր է երդմնակալությունից հետո առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեև չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ հեռախոսազրույցը:

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Ըստ իս՝ Ռուսաստանը մեծ դժվարության մեջ է հայտնվելու: Կարծում եմ՝ շատ լավ կլիներ, որ նա վերջ դներ այդ պատերազմին: Հուսով եմ՝ նա կցանկանա գործարք կնքել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանի նախագահը երեկ շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, ասել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսել ամերիկյան նոր վարչակազմի հետ ռուս - ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ։

«Մենք տեսնում ենք ԱՄՆ նախագահի և նրա թիմի հայտարարությունը Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկության մասին, որոնք ընդհատվել են ոչ մեր մեղքով, այլ հեռացող վարչակազմի։ Լսում ենք նաև նրա հայտարարությունները երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար ամեն ինչ անելու անհրաժեշտության մասին։ Իհարկե, ողջունում ենք այս տրամադրվածությունը», - ասել է ՌԴ նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման բանալին «ճգնաժամի բուն պատճառների վերացումն է»։

Ուկրաինայի նախագահը ևս շնորհավորել է Թրամփին։ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում գրել է, որ ԱՄՆ նոր նախագահը միշտ վճռական է, և նրա որդեգրած «ուժի քաղաքականության» միջոցով խաղաղությունը հնարավորություն է տալիս ամրապնդել ամերիկյան առաջնորդությունն ու հասնել երկարաժամկետ և արդար խաղաղության, որը, ըստ նրա, գլխավոր առաջնահերթություն է։

«Այսօր փոփոխությունների օր է, ինչպես նաև բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գլոբալ մարտահրավերների լուծման հույսի օր։ Ակնկալում ենք ակտիվ և փոխշահավետ համագործակցություն ... Մենք միասին ավելի ուժեղ ենք և կարող ենք ավելի ամուր անվտանգություն, կայունություն և տնտեսական ավելի մեծ աճ ապահովել աշխարհին և մեր երկու ազգերին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Վերլուծաբանները, սակայն, թերահավատ են, թե մոտ ժամանակներս հնարավոր կլինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, քանզի Պուտինը կարծում է, որ հաղթում է, և շահագրգռված չէ դադարեցնել մարտերը:

Մինչ այդ, ռուս - ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռուսական զորքը երեկվանից ինտենսիվ հարձակումներ է գործում ուկրաինական Պոկրովսկի շրջանում, որը ռազավարական նշանակություն ունի՝ այդտեղով են անցնում տրանսպորտային կարևոր ենթակառուցվածքներ, և Պոկրովսկի նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանին թույլ կտա խափանել ուկրաինական զինուժի մատակարարման ուղիները:

Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական կողմը նախաձեռնել է ավելի քան 70 հարձակում Պոկրովսկի մերձակայքում գտնվող ռազմաճակատի մոտ 40 կիլոմետրանոց հատվածի երկայնքով և գրավել ու ոչնչացրել է ուկրաինական մի քանի դիրքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG