Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ և ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ երկխոսելու ամերիկյան նոր վարչակազմի հետ ռուս - ուկրաինական պատերազմի կարգավորման հարցերի շուրջ։
ՌԴ նախագահը նաև դրական է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման և էսկալացիայի կանխման հարցում Միացյալ Նահանգների հանրապետական նախագահի դիրքորոշումը:
«Մենք տեսնում ենք ԱՄՆ վերընտրված նախագահի և նրա թիմի անդամների հայտարարությունը Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկության մասին, որոնք ոչ մեր մեղքով ընդհատվեցին հեռացող վարչակազմի կողմից», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման բանալին «ճգնաժամի բուն պատճառների վերացումն է»։ Պուտինի խոսքով՝ նպատակը պետք է լինի տարածաշրջանում ապրող «բոլոր մարդկանց ու ազգերի օրինական շահերի հարգման վրա հիմնված երկարաժամկետ խաղաղությունը»։