Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որը Ազգային ժողով էր հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով:
«Կողմ՝ 63, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0, որոշումն ընդունվել է, շնորհակալություն», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նախագիծն անցավ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, խորհրդարանի մեծությամբ երկրորդ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ մինչ այդ ավելի քան երեք ժամ տևած ելույթներով քննադատեցին հիմնականում նախագիծը սատարող իշխանությանը։
«Դրա փոխարեն կարար քաղաքական մեծամասնությունը հայտարարության կամ ուղերձի նախագիծ բերեր; Ինչո՞ւ չի բերում՝ որովհետև սա հերթական քայլն է, որպեսզի մի երևույթ, որը հայտարարվում է և որը եթե վատ հետևանք ունենա, ասի ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ ժողովուրդն է: Ժողովրդի ջեբը քցելու հերթական գործողությունն է», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը ելույթներում ընդգծեցին՝ նախագիծը վտանգներ է պարունակում Հայաստանի համար, առանց մանրամասնելու, թե ինչ վտանգներ և ում կողմից:
«Հետևաբար, ԵՄ ինտեգրման գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պատրաստ է մոտ լիել Եվրոմիությանը այնքանով, ոչ միայն որքանով Եվրոմիությունն է հնարավոր դա համարում, այլ որքանով դա չի սպառնում Հայաստանի անվտանգությանը և լինելիությանը», - ասաց Արմեն Ռուստամյանը:
Ընդդիմադիր խմբակցության մյուս պատգամավորներն էլ նկատում էին, որ Եվրամիությունն ասոցացվում է ժողովրդավարության, թափանցիկության, անկախ դատաիրավական համակարգի հետ։ Ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը շարժվել այդ ուղղությամբ:
«Թե ինչպես կարող է Բարձրագույն դատական խորհրդի նախագահն SMS-ով հեռացվել, և որևէ բան տեղի չի ունենում: Բայց ժողովրդավարությունը հո պոզով-պոչով չի լինում, ժողովրդավարություն ենք ասել, է, փաշինյանական ժողովրդավարություն», - հայտարարեց Աննա Գրիգորյանը:
«Երկրորդը՝ թափանցիկությունը, հաջորդ ասոցիացիան, որը Եվրպական միության հետ է ասոցացվում, այսինքն՝ մարդիկ գիտեն՝ իրենց ընտրած մարդիկ ինչի շուրջ ում հետ են բանակցում և ինչ որոշումներ են կայացնում: Ի տարբերություն իրենց մենք գիտե՞ք ինչ գիտենք՝ մենք գիտենք Նիկոլ Փաշինյանի սանհանգույցի ձևը Դավոսում, մենք գիտենք Աննա Հակոբյանի դիրքը, որով անգլերեն է պարապում: Բայց մենք չգիտենք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք վերջը համաձայնեցրել, ի՞նչ ենք համաձայնեցրել», - իր հերթին, ասաց Քրիստինե Վարդանյանը:
Եվրամիությունում չեն սպասում Հայաստանին՝ ժողովրդավարության այսպիսի մակարդակով. սա ընդդիմադիրների հաջորդ փաստարկն էր նախագծի դեմ: Սակայն գրեթե բոլորը համաձայն էին՝ Եվրոպական միությունում լավ է։
«Հիմա կարա՞ք լավը վերցնեք՝ վերցրեք էդ լավը: Բայց չէ, մենք չենք անում, էդ ամեն ինչը չենք անում, չեն անում, չենք անում, գալիս ենք ստե ասում ենք՝ 2050 թվին դառնում ենք աշխարհի չեմպիոն: Դե ասեք: Դե դու էլ ասա, էն որ ասում ա, ասա: Մտնենք Եվրոպա, 2050 թվին էլ դառնանք աշխարհի չեմպիոն՝ լավ բան ա, է, լավ բան ա, լավ բան ա, օրինակ՝ ես պատկերացնում եմ՝ դուրս գալիս ա: Բայց, էն որ ասում ա՝ զարթնում ես, տենում էրազ ա: Այսինքն, դե բան չի, էլի, ասենք, ժողովուրդ ... Մեզ բոլորիս մի քիչ լրջանալ ա պետքը», - հայտարարեց Գառնիկ Դանիելյանը:
Երեկ Դանիելյանն ավելի պատկերավոր էր արտահայտվել՝ նշելով, թե ինքն էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չէ, ի՞նչ է, ստորագրահավաքով հնարավո՞ր է նպատակին հասնել։
«Ցավով եմ սա ասում, բայց ժողովրդավարության և ձեր մեջ տարածությունը նույնքան անհաղթահարելի է, որքան որ Գառնիկ Դանիելյանի և Մոնիկա Բելուչիի միջև տարածությունը, հասկանո՞ւմ եք, հարգելի գործընկերներ: Էնպես որ, խնդրում եմ, ժողովրդավարության մասին և ժողովրդավարության պաշտպանության դիրքերից էստեղ որ խոսում եք, մի հատ ուղղակի նայեք ձեր շուրջբոլորը, մի հատ նայեք ձեզ: Երբ որ խոսում եք թափանցիկության մասին, մի հատ նայեք ձեզ», - ընդդիմադիրներին հակադարձեց «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդիմադիրներից պասիվ էին, բայց հակադարձեցին գործընկերների հիմնական թեզերին՝ «Հայաստան» դաշինքին մեղադրելով «աշխարհաքաղաքական բայղուշության» մեջ:
«Եվ ասում եք մեր ժողովրդին՝ եթե մենք հանկարծ մի քիչ աջ անենք, ձախ անենք, էս կողմ, էն կողմ անենք, եթե մենք սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն իրագործել, եթե մենք մեր քայլերի համար ինքներս պատասխանատվություն ստանձնենք, մեզ կպատժեն: Որ դուք ասում եք, ոչ թե ասում եք՝ «էս շիշը, եթե իմ հետ լինես, էս շիշը կտամ քեզ», այլ ասում եք՝ «եթե իմ հետ չլինես, էս շիշը կտամ գլխիդ»: Դուք ուզում եք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, էս փոքր օրինակի վրա արտահայտում է էդ երկու աշխարհընկալումները», - ասաց Կոնջորյանը:
«Եվրաքվե» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ այսօրվա քննարկումը ստացված էր։
«Չկա այսպիսի օրակարգ, օրակարգը կեղծ է ... Եթե չկա օրակարգ, ապա ինչո՞ւ է այս օրենքը քննարկվում այսպիսի ընդարձակ ռեժիմով, և ինչո՞ւ են այսքան շատ ելույթներ: Սա խոսում է այն մասին, որ սա օրակարգային հարց է», - ընդգծեց Զեյնալյանը:
Մինչ իշխող ուժի ներկայացուցիչներն ասում էին՝ «այս նախագիծը ոչ թե Եվրամիությանն անդամակցության հայտ է, այլ՝ քաղաքական կամքի արտահայտում», Մոսկվան վերջին շաբաթներին հասցրեց մի քանի անգամ զգուշացնել՝ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ երկու միությունների անդամ, իսկ այսօր նախագահ Պուտինի խոսնակն ասաց, թե «Հայաստանում պետք է պարզեն՝ որքանով է հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի՝ դեպի Եվրամիություն գնալու ցանկությունը երկուստեք»: Պեսկովը հարց է բարձրացրել՝ արդյոք Եվրամիությունը շահագրգի՞ռ է Հայաստանի անդամակցության հարցում, թե՞ ոչ։
Օրենքն առաջին ընթերցումից հետո դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում, ապա ստորագրվի նախագահի կողմից: Վերջնական հաստատումից հետո այս օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում էին, իշխող ուժի ներկայացուցիչները այն «քաղաքական կամքի մասին է»:
Անցյալ ամիս Կառավարության նիստին Փաշինյանը նշել էր, որ «օրենքի ընդունումից հետո Հայաստանի և Եվրամիության միջև պետք է քննարկում լինի ճանապարհային քարտեզի մշակման շուրջ, որը կներառի թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի տեսլականը»: Վարչապետն ավելացրել էր, որ «մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի գոնե այս պահին որևէ գործողություն չունի անելու»։