Մատչելիության հղումներ

ՀՀ միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհնար է. ՌԴ դեսպան


Հայաստանում Ռուսաստան դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստան դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին թե՛ գործնականում, թե՛ տեսականորեն անհնար է, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Սա մեկ օրվա ընթացքում ռուսաստանցի երկրորդ պաշտոնյայի նույնաբովանդակ հայտարարությունն է:

Դեսպանը հավաստիացրել է, թե Ռուսաստանն անփոփոխ հարգանքով է վերաբերվում իր արտաքին քաղաքականությունը, տնտեսական գործընկերներին ընտրելու Հայաստանի ինքնիշխան իրավունքին։

«Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի բացառապես կամավոր անդամակցությունը կապված է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում որոշակի պարտավորությունների հետ»,- ասել է Կոպիրկինը հավելելով․ - «Տվյալ փուլում մենք հիմք ենք ընդունում հայաստանյան ղեկավարության հայտարարությունը հանրապետության քաղաքական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի բացակայության մասին»։

Հունվարի վերջին ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին:

Ռուս դեսպանը խոսել է նաև ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերություններից ու համոզմունք հայտնել, թե տարածաշրջանում Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ չկա, որն այլընտրանք է ՀԱՊԿ-ին։

«Մոսկվան հուսով է, որ Երևանը դա հասկանում է»,- շեշտել է Սերգեյ Կոպիրկինը՝ կարծիք հայտնելով, որ «կուտակված հարցերին կարելի է լուծումներ գտնել դաշնակիցների միջև բանակցությունների միջոցով»։

Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG