Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը («Քաղաքացիական պայմանագիր» - խմբ.) կողմ կքվեարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հրավիրած մամլո ասուլիսում՝ ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է Երևանը համատեղելու ԵԱՏՄ ու ԵՄ անդամակցությունները:
Արարատ Միրզոյանն ասել է, որ օրինագծում ոչ մի ժամանակահատվածի, կոնկրետ մեխանիզմների մասին խոսք չկա, հիշեցրել, որ դա քաղհասարակության նախաձեռնությունն է: «Անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները հավաքվել են, ու հիմա այդ նախաձեռնությունը ավտոմատ կերպով օրինագիծ է դարձել, կքվերակվի ԱԺ-ում, Կառավարությունը հավանություն է տվել նախագծին: Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի:
Այսքանը, ինչ վերաբերում է օրենքին: Թե հետո ինչ կլինի, հետո կպարզվի։ Այս օրենքով ոչ մի այլ բան նախատեսված չէ։ Բոլոր տեսաբաններն ու այլ գործիչներ ասում են, որ այնտեղ կան հակասություններ, ես չէ, որ պետք է դատեմ», - հավելել է ՀՀ արտգործնախարարը:
«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ներկայարցրել են «Եվրաքվե» նախաձեռության անդամները: Նախաձեռնության ներկայացրած մոտ 60 հազար ստորագրությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 52 հազար 351 -ը: Ձայները բավարար են, որ օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի:
Հունվարի սկզբին էլ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Մոսկվան նույն օրը արձագանքեց՝ փոխվարչապետի մակարդակով հայտարարեցին՝ սա իրենք դիտարկում են որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ և որ Երևանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը մշակելու են այդ հանգամանքը հաշվի առնելով: