Առաջիկայում սպասվում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը Հայաստան, Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում, այսօր մեկնարկած քննարկումների ժամանակ, հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ստրասբուրգում եվրոպացի օրենսդիրների առջև Հայաստանի վարչապետը 2023-ի հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, որքան կառույցը հնարավոր կհամարի:
2025-ի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանությունն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասել էր, որ «տեղեկացել են այդ որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն»։ Նա նշել էր, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։
Նախօրեին Դավոսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ Ազգային ժողովը կընդունի «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը՝ բացատրելով՝ օրինագծի ընդունումը իրավաբանորեն նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը սկսում է Եվրամիությանն ավելի ու ավելի մերձենալու գործընթացը։
Այսօր Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում մեկնարկել է Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին «Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության քննարկումը։