Թեև «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում դեռ չի քննարկվել, այսօր էլ աշխատանքային այցով Դավոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել՝ մեծ հավանականությամբ Ազգային ժողովն այն կընդունի:
«Իրականում դա քաղաքացիական հասարակության նախաձեռնությունն էր։ Նրանք ներկայացրեցին օրենքի նախագիծ՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ։ Եվ մեր կառավարությունը հավանություն է տվել դրան, և շատ մեծ է հավանականությունը, որ մեր խորհրդարանը կընդունի այդ օրենքը։ Դա իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն ավելի ու ավելի մերձենալու գործընթացը։ Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ավելի մոտ լինել Եվրամիությանը։ Որովհետև մենք ժողովրդավարական երկիր ենք», - համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը բացատրեց վարչապետը:
Կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։
Մոսկվան նույն օրը արձագանքեց՝ փոխվարչապետի մակարդակով հայտարարեցին՝ սա իրենք դիտարկում են որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ և որ Երևանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը մշակելու են այդ հանգամանքը հաշվի առնելով: