Մատչելիության հղումներ

ԵՄ-ին անդամակցության նախագիծ, հայ-ադրբեջանական կարգավորում, հայ-ռուսական հարաբերություն. ինչ խոսեցին նախարարները


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում՝ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ սպասվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում կողմ կքվեարկի Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին։

Քաղաքացիական նախաձեռնությանը կառավարությունը հավանություն է տվել, ուղարկել խորհրդարան, այն շրջանառության մեջ է դրվել, բայց այս քառօրյայի օրակարգում դեռևս ընդգրկված չէ։

Ի դեպ, մինչև արտգործնախարարի այս հայտարարությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ խորհրդարանում արևմտամետների նախագծին իշխանությունը կարող է նաև դեմ քվեարկել։

«Օրինագծում դեռ ոչ մի ժամկետի, կոնկրետ մեխանիզմների մասին խոսք չկա, ուզում եմ հիշեցնել, որ դա քաղհասարակության նախաձեռնությունն է, կազմակերպությունները հավաքել են Սահմանադրությամբ նախատեսված անհրաժեշտ 50 հազար ստորագրություններն, ու հիմա այդ նախաձեռնությունը ավտոմատ կերպով դարձել է օրինագիծ, որը քվեարկության կդրվի ԱԺ-ում։ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին։ Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի։ Այսքանն է, ինչ վերաբերում է օրենքին, թե հետո ինչ կլինի, կպարզենք հետո։ Այս օրենքով ոչ մի այլ բան նախատեսված չէ», -հայտարարեց նախարարը։

Միրզոյանը, սակայն, կոնկրետ չպատասխանեց հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը համատեղելու ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունները։

«Բոլոր տեսաբաններն ու այլ գործիչներ ասում են, որ այնտեղ կան հակասություններ։ Ես չէ, որ պետք է դատեմ, եթե հարցն այդպես դրվի, թերևս պետք է նայել», - հավելեց նա։

Օրերս անձամբ Լավրովն անհամատեղելի էր համարել երկու միություններին միաժամանակյա անդամակցությունը: Այսօրվա համատեղ ասուլիսում, սակայն, Ռուսաստանի արտգործնախարարը հարցին հրապարակային չարձագանքեց։

Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրինագծին կառավարության տված հավանությունից հետո հայ-ռուսական հեռակա քննարկումները վերջին օրերին կենտրոնացել են հենց Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության հեռանկարի վրա։ Երևանն այս օրերին պնդում էր, թե ԵԱՏՄ-ն լքելու նպատակ չունի։

Չնայած վարչապետ Փաշինյանի պարզաբանումներին, որ օրինագծի ընդունումը ամենևին չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն, որ հարցը հանրաքվեի պետք է դրվի, ռուսական կողմը հայտնեց, որ թեման նաև երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցում է արծարծվել, Փաշինյանը պարզաբանումներ, իսկ Պուտինը համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել։

«Պատրաստ ենք աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը 2020 և 2021 թվականների համաձայնությունների շրջանակներում»

Համատեղ մամուլի ասուլիսը հետևեց արտգործնախարարների դեմ առ դեմ, ապա՝ պատվիրակությունների հանդիպմանը։

Բանակցությունների հրապարակային մասում Ռուսաստանի արտգործնախարարը առաջ մղեց հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հայտարարությունները, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ տարածաշրջանային ապաշրջափակման համար Երևանի մշակած «Խաղաղության խաչմերուկը»։

«Մենք պատրաստ ենք աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը 2020 և 2021 թվականներին ղեկավարների ձեռք բերած եռակողմ համաձայնությունների շրջանակներում։ Մենք համարում ենք, որ այդ համաձայնությունները նախկինի նման արդիական են, հատկապես տարածաշրջանային ընթացիկ իրավիճակում», - հայտարարեց Լովրովը։

Կապուղիների անվտանգության ապահովման թեման արդեն երկար ժամանակ է՝ հայ-ռուսական տարաձայնություններից է։ Մոսկվան պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահները։ Վարչապետ Փաշինյանը մինչդեռ հակադարձում է՝ այդ հայտարարության համաձայն Հայաստանին է վերապահված հաղորդակցության անվտանգությունը։

«Տրամադրված ենք հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված փոխշահավետ գործընկերության, ինքնիշխանության հարգման վրա»

«Մենք տրամադրված ենք հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված փոխշահավետ գործընկերության, ինչպես նաև ինքնիշխանության հարգման վրա, ինչը ամենակարևորն է։ Մեր գործակցության գլխավոր բաղադրիչը տնտեսությունն է։ Հարավային Կովկասի գրավչության համատեքստում ուրախ եմ հաստատելու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման Հայաստանի տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։

Բացման խոսքում Հայաստանի արտգործնախարարը նաև չթաքցրեց դժգոհությունը ռուսական կողմի դիրքորոշումների առնչությամբ, բայց կոնկրետ օրինակով չխոսեց. - «Հայաստանը միշտ կողմ է եղել բաց ու կառուցողական երկխոսությանը, մենք հույս ունենք, որ հետագայում էլ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, մենք տեսանք վերջին օրերին ու վերջին շրջանում»։

Արդյո՞ք հենց այս հայտարարությանն էր Լավրովն արձագանքում ասուլիսում՝ պարզ չէ, բայց ռուսաստանցի դիվանագետը պնդեց՝ Մոսկվան ադրբեջանամետ կամ միակողմանի դիրքորոշում չունի կարգավորման հարցում. - «Խոսել ենք տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին, վերահաստատել մեր անփոփոխ պատրաստակամությունն օգնելու Երևանին ու Բաքվին, եթե նրանք շահագրգռված լինեն այդ կարգավորման բոլոր ուղղություններով՝ ներառյալ խաղաղության համաձայնագրի մշակմանն աջակցությունը, սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը»։

Սերգեյ Լավրովը պնդեց, թե այսօրվա հանդիպմանն ընդգծել են Մոսկվայի հավատարմությունը Երևանի հետ բոլոր, այդ թվում՝ ռազմաքաղաքական պայմանավորվածություններին։ Ռուս դիվանագետը նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն տեսավ, փոխնախարարների միջև երկխոսությունը վերականգնելու, այն կանոնավոր դարձնելու մասին խոսեց։ Նաև ասաց, որ ինքն ու Միրզոյանը պայմանավորվել են պատրաստել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների հերթական երկամյա պլանը։ Թե ի՞նչ է դա նշանակում, մոտ երկու տարի բավականին լարված հարաբերություններ ունեցող Երևանն ու Մոսկվան չեն մանրամասնել:

2023 թվականից ի վեր դեմ առ դեմ բանակցություններ չանցկացրած Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները բավականին հանգիստ ու բարյացակամ մթնոլորտում էին շփվում՝ ի տարբերություն նախորդ շփումների։

Երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին հայտարարվեց՝ Հայաստան կգա և՛ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, և՛ հենց ինքը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Երջանիկ կլինեմ ու սիրով կսպասեմ Ձեզ Երևանում», - ասաց Արարատ Միրզոյանը՝ դիմելով Սերգեյ Լավրովին։

XS
SM
MD
LG