Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին


Լուսանկարը ՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը ՝ ԱԺ լրատվականի

«Եվրաքվե»-ի նախագիծն արդեն կքննարկվի փետրվարի 11-ին սպասվող խորհրդարանի լիագումար նիստում:

«Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախագիծը արված փոփոխություններով կներառվի հաջորդ քառօրյայի օրակարգում: Նիստը ավարտվեց». - Ազգային ժողովի քննարկումների սրահում «Եվրաքվե» նախաձեռնության հատուկետ անդամներ են ծափահարում, երբ իրենց ներկայացրած «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացության արժանացավ խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում:

Ինչո՞ւ նախաձեռնության հեղինակներից շատերը չմնացին իրենց համար այդքան ցանկալի քվեարկությանը, արդյոք ե՞լքն էր կանխատեսելի, որ հարկ չհամարեցին սպասել արդյունքներին, պարզ չէ:

Շուրջ չորս ժամ տևեց «Եվրաքվե»-ի նախագծի քննարկումը խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում: Նախ օրինագծի ընդունման հիմնավորումները նկարագրեց նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, որի քաղաքական ուժը իշխանության հետ կոալիցիայի մաս է Երևանում:

«Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևն ու միջոցը կմեծացնի Հայաստանի իշխանության ամրակայումը, դիմակայունությունը», - վստահ է Զեյնալյանը:

Արևմտամետների հիմնավորումներից պարզվեց՝ օրենքի ընդունումը ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի համար է խոստումնալից, այլ նաև՝ իշխանության:

Նախքան այսօրվա քննարկումը նախագիծն իրավական որոշակիության, վերպետական միջազգային կազմակերպությունների անդամակցելու ընթացակարգերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանելու տեսանկյունից խնդրահարույց էին համարել խորհրդարանի փորձագետները:

«Հեղինակները եզրակացության այնուամենայնիվ ուզում են հիշեցնեն բոլորիս, որ նմանատիպ վերպետական մարմիններին անդամակցությունը դա բացառապես հանրաքվեով որոշվող հարց է», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Արմեն Գևորգյանը:

Արտակ Զեյնալյանը բացատրեց՝ իրենց նախաձեռնությունը Եվրամիությանն անդամակցելու մասին չէ, քաղաքական գործընթաց է:

«Մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ, պայմանական ասած, աշխարհաքաղաքական, տնտեսական իմաստով փորձության մեջ ենք հայտնվելու առաջիկա տարիների ընթացքում, երբ որ ունենում ենք ընդունված այս օրենքը և մոտարկում ենք Եվրոմիությանը և շարունակում ենք ԵԱՏՄ-ի անդամ լինելով՝ ենթադրելով, որ ԵԱՏՄ-ն, այնուամենայնիվ, մեծահոգաբար հանդուրժող է լինելու մեր այս ձգտումներին», - հարցրեց Գևորգյանը:

«Եթե, այո, խնդիր առաջանա ընտրություն կատարել, ի վերջո, Եվրոպական միություն մաքսային միության մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի մաքսային միության մեջ գտնվելու, ապա մենք պետք է որոշենք փոխել, իսկ թե ժամանակը ե՞րբ կգա դա անելու, մեր օրենքում մենք չենք սահմանափակել գործադիր իշխանությանը դա անել», - արձագանքեց Զեյնալյանը:

Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին նաև հասկանալ՝ որո՞նք են լինելու Կառավարության քայլերն օրինագծի ընդունումից հետո: Գործնականում ի՞նչ է նշանակելու Եվրամիության անդամակցության մեկնարկը:

«Այ, օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ մեկնարկը տրված է: Վաղը վարչապետը զանգահարում է ԵՄ ղեկավարին, Հանձնաժողովի ղեկավարին, միասին զրուցում են և այլն, ասում է՝ «էս ինչ լավ բան է Եվրոպական միությունը, ինչքան լավ կլիներ՝ Հայաստանը լիներ Եվրոպական միության անդամ», - հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը:

«Դա էլ մեկնարկի էլեմենտ է», - պատասխանեց Արտակ Զեյնալյանը:

Օրինագծի ընդունումից հետո Կառավարության հնարավոր քայլերի մասին շատ բան պարզ չդարձավ նաև փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքից: Պաշտոնյան ներկայացրեց հիմնականում Եվրամիության հետ մինչ այժմ եղած համագործակցությունը՝ առանց հստակեցնելու , թե խորհրդարանի հաստատումից հետո գործադիր իշխանությունն ինչ պիտի անի: Դիվանագետը նաև գլխավոր հարցին չպատասխանեց՝ Եվրամիության կազմում Հայաստանին սպասո՞ւմ են, կա՞ն նման ազդակներ: Ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը ԵՄ-ից հնչող հայտարարությունները մեջբերեց, թե ընդլայնման քաղաքականությունը կասեցված է:

«Մենք չենք սկսո՞ւմ մի պրոցես, որը, վերջին հաշվով, գալու կանգնելու է փակ դռան առջև», - հարցրեց Վարդանյանը:

«Մեր շփումներից թեկնածու երկրների հետ մասամբ այլ տպավորություն ենք տանում», - արձագանքեց ԱԳ փոխնախարարը:

Իշխանական պատգամավորները ոչ թե հարցեր, այլ առաջարկներ ունեին՝ ստեղծել երրորդ փոխվարչապետի ինստիտուտ, որը կհամակարգի եվրաինտեգրման գործընթացը: Արդեն ելույթների փուլում ակտիվացան նախաձեռնության հեղինակներն ու նախագծի մյուս աջակիցները: Քաղհասարակությունից Գայանե Աբրահամյանը խնդրեց մինչև ընդմիջումը իրեն շատ կարճ ելույթի հնարավորություն տալ, բայց սա զայրացրեց եվրոպական արժեքների ջատագով Լուսինե Հակոբյանին:

«Նախապատվությունը պետք է տրվի նախաձեռնության անդամներին, [...] նախաձեռնության անդամները եթե սպասում են [...] մեր խոսելու հերթին», - հակադարձեց Հակոբյանը:

Լուսինե Հակոբյանն անուղղակի ակնարկեց, որ դժգոհ է Գայանե Աբրահամյանի ներկայությունից: Թե ինչն էր խնդիրը, պարզ չդարձավ, բայց մի քանի րոպե շարունակ Հակոբյանը վիճում էր հանձնաժողովի նախագահի հետ, թե իրենց ներկայացրած նախագծին պետք է ներկա լինեին նախաձեռնության բոլո՛ր հեղինակները. - «Էստեղ հայտնվել են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն մեր նախաձեռնության հետ»:

«Այսինքն, որ դուք 20 հոգով էստեղ եկել նստել եք, դրանից եք բողոքո՞ւմ, երևի պիտի 5 հոգով լինեիք: Դուք որևէ հանձնաժողովի նիստում 20 հոգով չէիք կարող գնալ: Տիկին Հակոբյան, կներեք, սա անթույլատրելի է, և եթե դուք տիկին Աբրահամյանի հետ անձնական խնդիր ունեք, խնդրում եմ էդ խնդիրը իմ միջոցով Դուք չլուծեք», - ասաց հանձնաժոովի նախագահ Արման Եղոյանը:

Լուսինե Հակոբյանն ի վերջո ելույթից հետո քննարկումը դեռ չավարտված լքեց սրահը:

«Եվրաքվե»-ի նախագիծն արդեն կքննարկվի փետրվարի 11-ին սպասվող խորհրդարանի լիագումար նիստում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG