Խորհրդարանում այսօր ընթանում են Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումները։
Նախագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով հիմնավորումները, պնդեց՝ ԵՄ-ին անդամակցությունը կմեծացնի Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Զեյնալյանը նաև հայտարարեց՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ: Ասաց՝ ԵԱՏՄ 185 միլիոնանոց շուկայից դուրս գալու խնդիր դրված չէ, այլ՝ այն ԵՄ 450 միլիոնանոց շուկայով լրացնելու։
Կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը երեկ պնդել էր, թե Երևանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին թե՛ գործնականում, թե՛ տեսականորեն անհնար է: Սերգեյ Կոպիրկինը շեշտել էր՝ տվյալ փուլում հիմք են ընդունում հայաստանյան ղեկավարության հայտարարությունը հանրապետության քաղաքական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի բացակայության մասին»։
Մանրամասները տե՛ս այստեղ