2024-ի հոկտեմբերին կայացած երկկողմ ձևաչափով վերջին հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առաջին անգամ հեռախոսով են խոսել։
Եթե Երևանը տարածած հաղորդագրությունում բավարարվել է միայն ընդհանուր տեղեկություններ հրապարակելով, ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առաջիկա անելիքները, ինչպես նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ապա Մոսկվան նախ տեղեկացնելով, որ հեռախոսազանգը հայկական կողմի նախաձեռնությամբ էր, հաղորդել է՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:
Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկին հավանություն տալու վերաբերյալ կոնկրետ ի՞նչ է ասել Ռուսաստանի նախագահը, զգուշացումնե՞ր է տվել, տնտեսական վատ հետևանքներո՞վ սպառնացել, Կրեմլը չի մանրամասնում, բայց հայտարարում է՝ ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման հարցեր են քննարկել, առաջին հերթին՝ էներգետիկայի բնագավառում:
Կրեմլը նաև հայտնում է՝ առաջնորդներն արձանագրել են ԵԱՏՄ-ում համատեղ աշխատանքի զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար:
Կառավարությունն անցած շաբաթ հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծին, Մոսկվան նույն օրը արձագանքեց՝ փոխվարչապետի մակարդակով հայտարարեցին՝ սա իրենք դիտարկում են որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ և որ Երևանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը մշակելու են այդ հանգամանքը հաշվի առնելով: Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարը կրկնեց նախազգուշացումները՝ կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ Եվրամիություն:
«Մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը փորձառու մարդ է, անկեղծորեն ասել է, որ [ԵՄ ու ԵԱՏՄ-ն] անհամատեղելի են։ Դրանք ազատ առևտրի երկու տարբեր գոտիներ են, մաքսատուրքերի նվազեցման կամ վերացման երկու տարբեր համակարգեր են: Դրանք չեն համընկնում», - նշել է Սերգեյ Լավրովը:
Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց Հայաստանի օրակարգում այս պահին չկա, Մոսկվայի նախազգուշացումների ֆոնին հայտարարեցին Հայաստանի կառավարությունից:
Էկոնոմիկայի նախարարն, օրինակ, Եվիամությանն անդամակցությունը զուգահեռ գործընթաց համարեց. - «Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված»:
Ռուսաստանից նույնիսկ հայտարարեցին՝ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա սնունդն ու էներգիան կթանկանան, կկրճատվի Հայաստանի արտահանումը: Իշխանությունները տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու քաղաքականություն են որդեգրել, սրա մասին հաճախ ու տարբեր առիթներով են խոսում:
Չնայած այս խոսքերին Հայաստանի արտաքին առևտրի ծավալում Եվրամիության չափաբաժինը մեծացնել չի հաջողվում: Ընդհակառակը՝ այն երկնիշ տեմպերով նվազում է. անցած տարվա հունվար-նոյեմբերին արտաքին առևտուրը Եվրամիության բոլոր երկրների հետ միասին վերցրած 2.1 միլիարդ դոլար է կազմել՝ ընդհանուրի 7.5 տոկոսը: 2023-ի նույն ժամանակահատվածում Եվրամիության կշիռն ավելի մեծ էր. շուրջ 2.5 միլիարդի առևտուր էր եղել:
Սրան զուգահեռ Ռուսաստանի հետ առևտրի ծավալները շարունակ աճում են: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսը միայն Ռուսաստանի հետ առևտուրն է: