Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է՝ Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամակցության հիմնական շահառուն


Պաշտոնական Մոսկվան վերստին պնդում է՝ Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամակցության հիմնական շահառուն։

«Վերջին տարիներին Հայաստանի առևտրի և տնտեսության աճը վկայում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության հիմնական շահառուն է», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շեշտելով, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական այդ դաշինքից «օգուտները ակնհայտ են»։

Թվարկելով այդ «օգուտները»՝ Օվերչուկն առանձնացրել է «էներգետիկ և պարենային անվտանգության ապահովումը», «տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումը», «առանց խոչընդոտների մուտքը հսկայական շուկա»։

«Ունենք թարմ վիճակագրություն 11 ամիսների կտրվածքով․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 11,6 միլիարդ դոլար է, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Մինչդեռ առևտուրը [Հայաստանի] ԵՄ-ի հետ մի քանի անգամ քիչ է և նվազում է։ Սա այն է, ինչի մասին խոսում է տնտեսությունը և իրականությունը»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Կառավարությունն անցած շաբաթ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն՝ «այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ տեղեկացել են այդ որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն։ Օվերչուկն ավելի վաղ Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ էր դիտարկել։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին վերահաստատել է՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության հետ։

Հիշեցնելով Օվերչուկի հայտարարությունը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է․ - «Երկու կառույցներն աշխատում են տարբեր սկզբունքներով, ազատ առևտրի տարբեր գոտիներ են»։

Հայաստանի լեգիտիմ իշխանության որոշումն է սկսել գործընթաց՝ միանալու ցանկացած միջազգային կառույցի, որտեղ սպասում են իրենց, սակայն, Լավրովի խոսքով, կառավարության, իշխանությունների պատասխանատվությունն է կշռել բացասական ու դրական կողմերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG