Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ անդամակցության մեկնարկի մասին «Եվրաքվե»-ի նախագիծը


Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում մեկնարկեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին «Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության քննարկումը։

Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծն ու այժմ պատասխանում է հանձնաժողովի անդամների հարցերին։

Նիստին ներկա են նաև նախաձեռնության աջակից արտախորհրդարանական ուժերը։

Ազգային ժողովի փորձագիտական վարչությունը նախագիծը խնդրահարույց է համարել՝ իրավական որոշակիության և վերպետական միջազգային կազմակերպությունների անդամակցելու օրենսդրության սահմանված ընթակարգերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից։

Նա առաջարկներ է ներկայացրել կառավարություն՝ մատնանշված խնդիրները շտկելու համար։

Նախօրեին Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ Ազգային ժողովը կընդունի «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը՝ բացատրելով՝ օրինագծի ընդունումը իրավաբանորեն նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը սկսում է Եվրամիությանն ավելի ու ավելի մերձենալու գործընթացը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև անցած տարվա նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։ Սակայն մինչ այդ, օրինագիծը պետք է քննարկվի Ազգային ժողովում:

Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG