Մատչելիության հղումներ

Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղում մնացած հատուկենտ հայերին՝ նրանցից ցուցմունքներ կորզելով. իրավապշատպան

Լրացված

Մարդիկ լքում են Լեռնային Ղարաբաղը, սեպտեմբեր, 2023թ.
Մարդիկ լքում են Լեռնային Ղարաբաղը, սեպտեմբեր, 2023թ.

Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղում բռնի տեղահանությունից հետո առողջական խնդիրների պատճառով մնացած հատուկենտ հայերին՝ նրանցից ցուցմունքներ կորզելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարություններում, ասում է Գերիների հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

Երեկ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը հրապարակեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մանրամասները՝ նշելով, որ հարցաքննվել են Ղարաբաղում բնակվող երկու հայազգի վկաներ՝ Կամո Հայրապետյան և Մուշեղ Գրիգորյան, և որ նրանք հայտարարել են, թե իբր Վարդանյանն Ադրբեջանի դեմ կռվելու համար խմբեր է կազմել, ռազմական երեք պահեստ է հիմնել, որ իբր ականապատման գործընթացն է ակտիվացրել, ու Ադրբեջանի դեմ կռվելու քարոզչություն է իրականացրել:

Նիստից ռեպորտաժ հրապարակող միակ լրատվամիջոցը՝ պետության կողմից վերահսկվող «Ազերթաջ»-ն է: Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել թե՛ վկաներին, թե՛ Ադրբեջանում գերության մեջ դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ այդ այսպես կոչված վկաները Արցախի զանգվածային հայաթափումից հետո այնտեղ մնացած հատուկենտ հայերից են, որ չեն կարողացել հեռանալ առողջական խնդիրների պատճառով, և նրանցից հիմա Ադրբեջանի իշխանությունները ցուցմունք են կորզում, այս կերպ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայերի կյանքն ու առողջությունն վտանգված են ադրբեջանական իշխանության ներքո, անգամ եթե նրանք բանտում չեն պահվում:

«Մենք տեսանք, որ առողջական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր հենց այդ խոցելի հանգամանքների ուժով չէին կարողացել լքել, ոչ թե իրացնում են իրենց իրավունքները, այլ բռնությունների, հարկադրանքի ներքո հայտնվում են դատարաններում: Նշեմ, որ ցուցմունք տված անձը նաև տառապում է հոգեկան առողջական խնդիրներով, իսկ այս խմբերը խոցելի, են և նրանց հանդեպ յուրօրինակ պարտավորություններ ունեն պետությունները: Այսինքն՝ Ադրբեջանն անգամ չի հարգել նմանաբնույթ խնդիր ունեցող անձի վիճակը և նրանց են մաս դարձրել այս շինծու դատավարություններում այն պարագայում, երբ նրանք առհասարակ պատշաճ վկաներ չեն կարող լինել», - նշեց Սահակյանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի հրապարակած վերջին լուսանկարներում ակնհայտ հյուծված տեսք ունի: Վարդանյանն արդեն 23 օր է՝ շարունակում է իր նկատմամբ ապօրինություններն ու շինծու դատավարությունը դադարեցնելու պահանջով փետրվարի 18-ից հայտարարած հացադուլը:

«Որևէ տեղեկտավություն չկա, որ հացադուլը դադարեցված է», - ասաց Սահակյանը:

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Վարդանյանի համախոհներից «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ էր սկսել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարարի ու Բաքվում պահվող մյուս հայ 22 գերիների։ Նրա հացադուլը նաև խնդրանք էր Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Այսօր Մանե Թանդիլյանը, ում առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել էր և նա պարբերաբար հիվանդանոցում էր հայտնվում, հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ նաև Ռուբեն Վարդանյանի կնոջ և քրոջ հորդորներից հետո, միացնելով Վարդանյանի քրոջ՝ Մարինա Ալեսի հաղորդագրությունը. - «Մենք իրավունք չունենք էս կողմից լինել թուլացած»:

Թանդիլյանն ասաց՝ այժմ պայքարի ավելի ակտիվ փուլ պիտի մտնեն և պահանջեն միջազգային կառույցներից ու կառավարությունից ավելի ակտիվ քայլեր՝ հայ գերիների ազատ արձակման հարցում: Այդ նպատակով առաջին քայլը կլինի ուրբաթ օրը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքը՝ պահանջելու, որ դատավարություններին ապահովվի միջազգային ներկայություն:

«Մենք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչից կպահանջենք կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ և ասել՝ գնացեք, այդ դատավարությանը մասնակցեք ու տեսնենք ինչ են պատասխանում այնտեղի ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Մենք պիտի ստանանք պատասխաններ, այլևս մեզ չեն կարող անտեսել, մեզ չպիտի անտեսեն», - նշեց նա:

Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ իրենց երկրորդ խնդիրն է լինելու Ռուբեն Վարդանյանի և հայ գերիների ազատ արձակման հարցը օրակարգում ակտիվ պահելը, որպեսզի Հայաստանի կառավարությունը ևս ստիպված լինի հարցին անդրադառնալ ու մոռացության չմատնել:

«Երկխոսեք, քավ լիցի, խաղաղություն բերեք, բայց ունեցեք ձեր օրակարգում հայ գերիների վերադարձ: Ե՞րբ այս իշխանությունները կզբաղվեն այդ հարցով, միայն մեկ պարագայում, եթե նրանք զգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը և դա իրենց իշխանական աթոռ է արժենալու», - հայտարարեց Թանդիլյանը:

Այսօր, ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին՝ առավելագդուն միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Հոգևոր խորհուրդը նաև կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG