Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանը կքննարկի «Բաքվում հայերի ապօրինի կալանավորումներն ու կեղծ դատավարությունները»


Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Ռուբեն Վարդանյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան
Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Ռուբեն Վարդանյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։

«Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները» խորագրով քննարկումները տեղի կունենան վաղը, իսկ
հրատապ բանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:

Երևանում բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հորդորել է Բաքվին անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին։ «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն», - հայտարարել է Տյուրկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG