Մատչելիության հղումներ

«Ես վատ եմ». Բաքվում պահվող հայ ռազմագերին կնոջից օգնություն է խնդրում


2023 -ին Արցախում գերեվարված ռազմագերու կինն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ամուսնու առողջական վիճակը վատ է, Սրտից է բողոքում, տեսողությունն է վատացել:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Ռազմագերու կին. - Մեզ հայտնի է այն մասին, որ առողջական վիճակը վատ է, ընդհանուր առողջական վատ վիճակը սկսվել է դատավարությունը սկսելուց:

«Ազատություն». - Կոնկրետ ի՞նչ խնդիր ունի:

Ռազմագերու կին. - Սրտից է բողոքում, աչքերը չեն տեսնում:

«Ազատություն». - Մինչև այդ տեսողության հետ խնդիր ունեցե՞լ է:

Ռազմագերու կին. - Տեսողության խնդիր չուներ ընդհանրապես, ֆիզիկապես առողջ մարդ էր:

«Ազատություն». - Իսկ ինչի՞ հետևանքով է տեսողությունը կտրուկ վատացել:

Ռազմագերու կին. - Չգիտենք՝ տեսողությունն ինչի հետևանքով է վատացել, սիրտը վատ, բայց ես ընդհանուր առմամբ խոսելուց, իրավիճակից ելնելով հասկանում եմ, որ ինքը հոգեպես տառապում է այն պահից, որ ինքը կմնա գերության մեջ, բաց չեն թողնի: Հարց է տալիս ինձ՝ դու գիտե՞ս՝ հաստատ լավ կլինի՞, թե՞ չէ: Ես էլ հույս եմ տալիս՝ լավ կլինի, բայց այդ լավը ես չեմ տեսնում: Լավը այն կլինի, որ հիվանդ մարդուն չպահեն գերության մեջ, բաց թողնեն թեկուզ վերջին վայրկյանին լինի իր ընտանիքի մոտ, իր օջախում: Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ է կատարվում, ինչ են անում, ոնց են վերաբերվում:

«Ազատություն». - Վերաբերմունքի մասին ինքը չի՞ խոսում:

Ռազմագերու կին. - Չի խոսում, բայց հարցնում եմ:

«Ազատություն». - Ի՞նչ եք հարցնում:

Ռազմագերու կին. - Ո՞նց ես, ձեզ չարչարո՞ւմ են, ասում է՝ չէ, չեն չարչարում, բայց ես վատ եմ: Ես չեմ հասկանում էդ վատն ինչից է: Կուզենայի ուղղակի օգնություն, չգիտեմ՝ որտեղ դիմեմ, ինչ մարմինների դիմեմ, ում դիմեմ, որ էդ մարդկանց օգնեն, գոնե բժշկական օգնություն:

«Ազատություն». - Կա՞ ինչ-որ հնարավորություն, որ տեղեկանանք իր առողջական վիճակի մասին, նաև որ ասում եք՝ զրուցում եք հեռախոսով դժգոհում է՝ տեսողությունն է կտրուկ վատացել, սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչ-որ փաստաթղթեր Ձեզ ներկայացնո՞ւմ են նրանց առողջական վիճակի կամ դատական գործընթացի մասին:

Ռազմագերու կին. - Այո, մեզ ներկայացրել են փաստաթղթեր առողջական, դատական վիճակի մասին, որը թարգմանելու կարիք ունենք, ադրբեջաներն են ուղարկում, չենք հասկանում ադրբեջաներեն:

«Ազատություն». - Ո՞ւմ միջոցով են ադրբեջաներեն ուղարկում:

Ռազմագերու կին. - Հայաստանի կառավարության միջոցով ուղարկել են փաստաթղթեր, որոնք ադրբեջաներենով են, մենք պետք է բոլորս թարգմանենք, որ տեղեկանանք առողջական վիճակի մասին, դատերի ընթացքի մասին:

«Ազատություն». - Իսկ դրանք տասնյակ թղթեր են, այո՞:

Ռազմագերու կին. - Այո, բազմաթիվ թղթեր են:

«Ազատություն». - Իսկ Ինչո՞ւ են ադրբեջաներեն տալիս, ինչո՞ւ մեր կառավարությունը չի թարգմանում:

Ռազմագերու կին. - Մենք վերցնում ենք ու այդ պահից սկսում են մտածմունքները՝ տեսնես ինչ են գրել, ինչեր են էդ թղթերի մեջ: Փնտրում ենք՝ տեսնենք որտեղից գտնենք թարգմանիչ, որ հասկանանք թղթաբանությունն ինչ է ներկայացնում:

«Ազատություն». - Կառավարություան ներաայացուցչին, ով փաստաթղթերը հանձնում է Ձեզ, չե՞ք հարցրել՝ ինչո՞ւ չեն թարգմանում:

Ռազմագերու կին. - Ձևը տենց է, ասում է, էդ ձև են ուղարկում:

«Ազատություն». - Վերջին անգամ ե՞րբ է իշխանության որևէ ներկայացուցիչ հանդիպել Ձեզ, մյուս գերիների հարազատներին և քննարկել բոլոր այս հարցերը:

Ռազմագերու կին. - Ոչ մեկը, ոչ մի ներկայացուցիչ մեզ չի հանդիպել, կառավարությունից մենք միայն նոր ստացել ենք այդ ադրբեջաներեն թղթաբանությունը՝ տեղեկություն գերիների մասին: Բայց մեր ղեկավարությունից անձամբ ես չեմ տեսել, որ մեկը մեզ կանչի ինչ-որ տեղեկություն տա գերիների մասին կամ ասի ինչ են անում, ընթացքը ոնց է գնում, լավ կլինի, վատ կլինի: Մենք անտեսված ենք՝ գերիների ընտանիքներն ու գերիները: Ոչ ֆինանսական աջակցությամբ են գոնե օգնում, ասեն էս մարդիկ բա ոնց են ապրում, չկա իրանց տան տղամարդը, գոնե դրանով մի քիչ մարդկանց ջերմություն տան: Եթե չեք աջակցում ինչ-որ հարցով օգնություն, գերիներին չեք ազատում, գոնե ընտանիքներին ինչ-որ ջերմություն ցուցաբերեք մարդիկ զգան, որ ուշադրության կենտրոնում են, անտեսված չեն:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG