«Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն, ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք՝ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել», - ասաց վարչապետը:
«Զգացմունքային մակարդակում էդ բոլոր զգացումները, զգացմունքները կիսում եմ և հասկանում եմ էն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են: Արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս, և այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ», - նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե անձամբ նա ի՞նչ քայլեր է իրականացնում Ադրբեջանում պահվող հայերի համար:
Այդ դիվանագիտական քայլերից մեկը կամ երկուսը կարո՞ղ եք թվարկել, հարցրինք վարչապետին, ի՞նչ է անում հայկական կողմը: «Մենք բոլոր բանակցություններում այդ հարցը բարձրացնում ենք, ընդ որում՝ մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում և էդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցնում է 2023-ի դեկտեմբերին 32 հայ զինծառայողների վերադարձը: «Մինչև վերջին վայրկյանն էդ ջանքերը չէին երևում, մինչև պաշտոնական հայտարարություն չեղավ չէին երևում: Ինչո՞ւ մինչև վերջին վայրկյանը չէինք հրապարակում, որովհետև չգիտեինք՝ էդ ջանքերն արդյունք տալու են, թե՝ ոչ», - նշեց Փաշինյանը:
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Օրերս ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է։ Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ է հայտարարել, 25-ին արդեն նա ակնհայտ հյուծված էր, դեմքին՝ վերքեր կային։