Մատչելիության հղումներ

Վնասվածքներով հիվանդանոցներ դիմած 101 քաղաքացիներից քանիսն է տուժող ճանաչվել՝ դեռ հայտնի չէ


Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հիվանդանոցում, Երևան, 17-ը հունիսի, 2024թ.
Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հիվանդանոցում, Երևան, 17-ը հունիսի, 2024թ.

Ազգային ժողովի մոտ բախումներից հինգ օր անց դեռ հայտնի չէ` տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ դիմած 101 քաղաքացիներից քանի՞սն է տուժող ճանաչվել: Քննչական կոմիտեից ասացին՝ հաշվառումներ են անում։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն է արձագանքում. - «Իրավապահ համակարգի կողմից բոլորովին ոչ ադեկվատ պատասխան և լռություն՝ կարմիր բերետավորների կողմից կոնկրետ տղաներին ծեծի ենթարկելը, մազերից ձգելը ոչ միայն կոնկրետ գնահատականի չեն արժանացել, այլև բարձր քաղաքական ղեկավարության կողմից արդարացվել են՝ համարելով, որ ոստիկանությունը անում է իր աշխատանքը»:

Ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու կողոսկրերի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի փաստաբանն էլ չգիտի՝ իր պաշտպանյալը տուժողի կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ: Թեև դեպքի հաջորդ օրն ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, քննիչներն էլ հարցաքննել են Գասպարյանին, բայց «դա դեռևս չի նշանակում, որ մաս են անջատել առանձին, վարույթ են նախաձեռնել խոշտանգման հիմքով». - «Դրա համար մենք նպատակահարմար գտանք խոշտանգման մասով առանձին հանցանքի մասին հաղորդում տանք, և որևիցե դատավարական փաստաթուղթ մենք չենք ստացել, անգամ չենք էլ տեղեկացվել՝ նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, թե՞ ոչ: Դիտավորություն չեմ տեսնում, ուղղակի երևի ծավալները մեծ են, անգամ ենթադրում եմ նախաձեռնել են, բայց չեն հասցնում տեղեկացնել»:

Երևան, 12-ը հունիսի, 2024թ.
Երևան, 12-ը հունիսի, 2024թ.

Քննչական կոմիտեից միայն հայտնում են՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիաների մեկնարկից մինչև այսօր ոստիկանների գործողությունների առնչությամբ 29 վարույթ է նախաձեռնվել, բայց դեռ ոչ մի ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա: Ապրիլից մինչև հիմա ոստիկանությունում էլ 41 ծառայողական քննություն և ուսումնասիրություն է իրականացվում, միայն մեկ ծառայողի լիազորություններ են կասեցվել:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ Աբրահամ Գասպարյանի հայտարարությունը, թե կարմիր բերետավորներն են իրեն դաժան ծեծի ենթարկել, կամ տարածված կադրերը, երբ կարմիր բերետավորը ձգում է պատանու մազերից, նո՞ւյնպես ուսումնասիրվում են: Նույն կադրերում, ի դեպ, երևում է նաև, թե ինչպես է կարմիր բերետավորի այդ գործողությանը միջամտում ոստիկանության գնդապետը:

«Ձեր նշած դեպքը մինչև հանրային հնչողություն ստանալը արդեն իսկ իրականացված մոնիթորինգի արդյունքում ներառվել է ծառայողական քննությունների շարքում: Հունիսի 12-ի դեպքերով կան չորս ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, որոնց մեջ ներառված է և՛ ձեր նշած դեպքը, և՛ Աբրահամ Գասպարյանինը», - «Ազատությանը» փոխանցեց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հայտնի չէ նաև ամենածանր վնասվածք ստացած տղամարդու կարգավիճակը, որը վերցրել էր ոտքերի տակ ընկած հատուկ միջոցը, ինչի հետևանքով կորցրել է մատները։

Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է 2016 թվականի Սարի Թաղի իրադարձությունները, երբ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրամանով հատուկ միջոցներ էին կիրառվել։ Այդ օրերին էլ էին տուժել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, 17-ամյա մի երիտասարդ էլ զրկվել էր աչքից: Իրավապաշտպանն ասում է՝ այդ օրերից մինչև հիմա ոստիկանությունը նույն ոճով է աշխատում: Իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաներն էլ հայտարարում էին՝ ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու փորձել ԱԺ շենքը գրավել: Զարուհի Հովհաննիսյանը շարունակում է՝ միևնույն է, առողջապահության նախարարի հրամանով արգելված էր հատուկ միջոցների կիրառումը այդ հեռավորության վրա: Ասաց՝ այլ տարբերակներ կային:

«Իրենք ժամանակին ունեցել են բազմաթիվ միջոցների կիրառումներ՝ սկսած ջրցանի կիրառումը, որի դեմ էլի խոսում էին: Այսինքն, նույնիսկ այդպիսի համեմատաբար անվտանգ միջոցների և թույլատրելի միջոցների կիրառման ժամանակ իրավապաշտպանները հստակորեն գնահատական են տվել, որ ռիսկը գնահատված չի եղել, և կիրառվել է այն միջոցը, որը գերազանցել է այդ միջոցի թույլատրելիության հնարավորությունը: Այս դեպքում հենց հրամանն է արգելում ազատ տարածքում կիրառելը, մարդուց 2.5 մետր հեռավորության վրա կիրառելը:Եվ վտանգի տեսանկյունից՝ իհարկե, պետական շենքից հեռու է եղել», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը հիշեցրեց՝ հեղափոխության օրերին ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ մտել էին պետական շենք՝ ռադիոտուն, բայց ոստիկանությունն այդ ժամանակ հատուկ միջոց չկիրառեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG