Մատչելիության հղումներ

98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո


00։22

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «գրագետ և համբերատար» է որակում ոստիկանության այսօրվա աշխատանքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, սոցիալական ցանցում հայտնել է, որ ուսումնասիրել են քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները, նկատել ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ: Որպես օրինակ նա նշել է. «Ոստիկանությունը պատշաճ պատ/շղթա չի կազմել Սիրահարների այգու ֆլանգում, որի հետևանքով ցուցարարների կողմից այգի մտնելը հանգեցրեց ոստիկանական պաշտպանության «փլուզմանը»:

Բացի այդ, ըստ նրանց ուսումնասիրության՝ որևէ օբյեկտիվ փաստ չի գտնվել որը կվկայեր, որ քաղաքացիները նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչը օրենքի պահանջն է:

«Արձանագրվել են դեպքեր (հիմնականում՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում), որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ:

Լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով էլ քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ», - նշել է Իոաննիսյանը:

Հունիսի 13

00։05

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս ժամի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։

66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Նրանք, ըստ ԱՆ-ի, ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

23։44

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանական գործողությունները որակում է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

«Իրականացնողներն ու հրահանգ տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշեց նա Բաղրամյան պողոտայում ելույթի ընթացքում։

22։50

Այս պահին ընթանում է մշտադիտարկում, պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյոք ոստիկանության այսօրվա գործողություններին առնչվող ծառայողական քննություն ընթանո՞ւմ է, ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

22։49

«Սա հարձակում էր Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իշխանության ներկայացուցիչը նաև ասաց՝ սա անհետևանք չի մնալու, լինելու է իրավական հետևանք։

«Մտքներով չանցնի, որ խուլիգանությամբ, զոռբայությամբ, դրսից գյադաների բերելով կարողանալու են խուժանություն անել: Բացառված է», - նշեց նա։

22։31

ՆԳՆ ոստիկանության խոսնակի փոխանցմամբ՝ 16 ոստիկան վիրավորում է ստացել, բայց թե ինչպիսի՞, ոստիկանությունից առայժմ չեն հստակեցնում։

22։19

22։15֊-ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան, տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը։

6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

22։03

22.00-ի դրությամբ 98 բերման ենթարկված կա, փոխանցում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ 10 ոստիկան է վիրավորվել։

21։52

Հատուկ միջոցներից տուժած մոտ 20 հոգի տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց։

21։48

«5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց՝ 21.40-ի դրությամբ տեղեկություններ ունեն քրեական վարույթով 6 ձերբակալվածի մասին։

21։47

Իշխանությունն ու ընդդիմությունը բախման ու ձեռքի ծանր վիրավորում ստացած մարդու մասին

21:43

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով. - «Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է»։

21։18

Ազգային ժողովի շենքի մոտ բախումների ժամանակ վնասվել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորի ոտքը։ Լրատվամիջոցից հայտնում են, որ նրան ցուցաբերվում է բուժօգնություն, ինքնազգացողությունը նորմալ է։ Ըստ ԶԼՄ-ի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։

21։12

Տուժածների թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։ News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է լուսաձայնային նռնակից: Նա այս պահին Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում, ոտքն է վնասվել:

21։11

Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

21։10

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ, փոխանցում է Առողջապահության նախարարությունը։

«Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ», - նշում է ԱՆ-ն։

21:00

Ոստիկանությունն ասում է՝ 21:00-ի դրությամբ 86 բերման ենթարկված կա: Նախնական տեղեկություններով՝ հաղորդվում է 6 վիրավոր ոստիկանի մասին: Այս պահին վիրավոր ցուցարարների որևէ պաշտոնական թիվ, սակայն, չի հրապարակվել:

20:40

Շտապօգնության մեքենաները տեղում օգնություն են տրամադրում տուժած քաղաքացիներին։

20։29

Ոստիկանությունն իրականացնում է «օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջանակներում», խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ-ի հարակից տարածքում իրավիճակի մասին։

20:18

«Կան բուժօգնության դիմածներ»,- «Ազատության»-ը փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակը՝ չհստակեցնելով, թե քանի տուժողի մասին է խոսքը, և որ բուժկենտրոններ են դիմել:

20։10

20։00-ի դրությամբ բերման ենթարկված 70 քաղաքացի կա։ Կան տուժածներ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանության շարքերում, հայտնում է ՆԳՆ խոսնակը։

19։53

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարեց, որ ոստիկանությունն «արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ»։

Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բագրատ Գալստանյանն «ուղղորդել է մարդկանց գրոհել ոստիկաններին»։

19։52

Ոստիկանությունը լուսաձայային նռնակներ է կիրառում։ Տեսանյութերում ծուխ է երևում։ Կան տուժածներ։

19։34

Իրավիճակը խորհրդարանի հարակից տարածքում կրկին լարվեց, երբ Բագրատ սրբազանն առաջարկեց ճանապարհ բացել, որպեսզի պատգամավորները կարողանան ներս մտնել։

Ցուցարարները պնդում են, թե իրենց շարքերում սադրիչներ կան, ովքեր «շշեր են նետում իրավապահների ուղղությամբ»։

18:41

Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից:

18։11

Իրավիճակը Ազգային ժողովի հարակից տարածքում շարունակում է լարված մնալ։

17։47

Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում Դեմիրճյան փողոցի վրա։ Այստեղ քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոցներ սկսվեցին։

17։42

Ցուցարարները մոտեցան Դեմիրճյան փողոցին։

17։30

Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել՝ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից։

16։55

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հանդիպել՝ քննարկելու նրա «խաղաղ և անցնցում ճանապարհով հեռացման» պայմանները։ Այս մասին նա հայտարարեց Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, ուր այս պահին կառավարության հետ հարցուպատասխանն է ընթանում։

«Այս կառավարության ղեկավարն իր ողջ կազմով պետք է հեռանա։ Այսօր այդ վճռականությամբ պարտավոր է հանդիպել և քննարկել իր խաղաղ, անցնցում հեռացման պայմանները», - ասաց արքեպիսկոպոսը։

Նրա խոսքով՝ վարչապետի հեռացումը կատարվելու է օրինական ճանապարհով, առանց բռնության, հավելեց, որ իրենք չեն պաշարելու խորհրդարանի շենքը, բայց պետք է արգելափակեն Նիկոլ Փաշինյանի ելքը. - «Որովհետև պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ-հանգիստ գործի գալ, գործից գնալ, <> ուղղակիորեն չանդրադառնալ այն ամբողջ ընդվզումին և ցավին, որ իր պատճառով պատճառվել է ժողովրդին», - պնդեց սրբազանը։

  • Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
  • Ընդդիմադիր շարժման առաջնորը դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու իրենց պայքարի համար, և իրենք նախատեսում են այսօր հասնել իրենց հռչակած նպատակին՝ վարչապետի հրաժարականին։
  • Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի գլխավոր դարպասների դիմաց, նաև Դեմիրճյան փողոցն է փակ մի քանի օր։
  • Իրավապահ կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցուցարարներին կոչ են արել պահպանել հասարակական կարգը։

XS
SM
MD
LG