Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ խստորեն դատապարտում են հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։
Ընդգծելով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, լրագրողական կազմակերպությունները, վկայակոչելով առկա տեսանյութերն ու լուսանկարները, փաստում են՝ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաև լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։
Շեշտելով, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար՝ լրագրողական կազմակերպությունները պահանջում են իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և ներողամտություն հայցել տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար, իսկ Ներքին գործերի նախարարությունից էլ պահանջում են ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։
Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։