Մատչելիության հղումներ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայում


Բաղրամյան պողոտայում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Բաղրամյան պողոտան այս պահին փակ է: Տեղում նաև ոստիկանական ուժեր կան:

«Մինչև երեկ գիշերը ոստիկանության գործողություններից վիրավորում ստացած քաղաքացիներին դատաբժիշկ չի այցելել։ Իրենք ամեն գնով փորձում են տեղի ունեցածը կոծկել։ Բայց բռնություն գործածներից բոլորի դեմքերը նույնականացված են և մենք սկսելու ենք իրավական գործընթաց, - հայտարարեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, - հունիսի 12-ը ևս մի խարան է և՛ այս իշխանության, և՛ նրա ղեկավարի ճակատին»։

Հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

«Մենք պայքարը շարունակելու ենք քանի դեռ կան Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը նաև ընդդիմության նախաձեռնած այսօրվա արտահերթի նիստին անդրադարձավ, ասաց, թե լավատեսական կանխատեսում չկա, որ չորս ժամ անց նրանք կգան և քվորում կապահովեն

Իշխանական պատգամավորներն չեկան ընդդիմության հրավիրած նիստին, քվորում չապահովվեց:

Ընդդիմադիրները նիստը են հրավիրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձի նախագիծը քննարկելու համար։ Որպեսզի այդ քննարկումը տեղի ունենար, առնվազն 54 պատգամավոր պետք է ներկայանար՝ քվորում ապահովվի։ Իսկ սա նշանակում է, որ առանց իշխող ՔՊ-ի պատգամավորների նիստը կայանալ չի կարող։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ ՔՊ-ականները չեն ներկայացել, քանի որ «ընդդիմության օրակարգը չեն սպասարկելու, կառավարությունը լեգիտիմ է, հետևաբար կառավարության հրաժարականի հարց չեն քննարկելու:

Անդրադառնալով խոսակցություններին, թե իր անունն առնչվում է երկրորդ նախագահի և ռուսական կողմի հետ, Բագրատ Գալստանյանն ասաց. «Գաղտնիք չէ որ առաջին օրից ինձ կապել են երկրորդ նախագահի և ռուսական կողմի հետ. ասեմ, թե սա որտեղից է գալիս, սոցիոլոգիական հարցում են արել և փորձել են պարզել՝ ով ունի անտիռեյտինգ, ընդ որում, այդ շարքում եղել է նաև ստախոսը, ուրեմն հակառեյտինգ են ստացել տվյալով Ռուսաստանն և երկրորդ նախագահը ու սկսել են մարդկանց այդ ուղղությամբ թունավորել: Ձեզ վստահեցնում եմ այս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի ո՛չ հյուսիսի, ո՛չ հարավի, ո՛չ արևելքի, ո՛չ արևմուտքի հետ: Իրենց հանցագործության պատճառով է ստեղծվել այս շարժումը»:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ շարժման վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ նախատեսում են հանդիպել քաղաքական ուժերի հետ:

«Շարունակելու քննարկումները, առավել մասնակցային դարձնելու գործընթացը, ընդլայնելու ենք գործիքակազմը պայքարի, այս ողջ ժամանակահատվածում մենք օրը մեջ հավաքվելու ենք սուրբ Աննա եկեղեցու բակ, ունենալու ենք զրույցներ՝ նոր որակի երկիր ունենալու, գաղափարական այլ հարցերի շուրջ: Մեզ համար նահանջ գոյություն չունի, երբեք չմտածեք, որ այս փուլը նահանջի փուլ է, սա վերակազմակերպման փուլ է: Մենք հասնելու ենք այդ հաղթանակին, ես ամեն ինչ եմ դրել այդ հաղթանակի համար, դուք եք այդպես վարվել և մենք միասին կհասնենք այդ հաղթանակին, որևէ մեկի մոտ անկումային տրամադրություն թող չլինի, - նշեց նա՝ հավելելով, -առաջիկա շաբաթ օրը մեր առաջին լուրջ, մեծ հավաք է լինելու երիտասարդներով»:

Բագրատ Սրբազանը նաև քննադատեց բոլոր ՀԿ-ներին, քաղաքական ուժերին, որոնք, ըստ նրա, չեն դատապարտել ոստիկանական բռնությունները:

XS
SM
MD
LG