Փաշինյանը քարտ բլանշ տվեց ոստիկաններին. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ յեղափոխական դաշնակցության անդամ Արթուր Խաչատրյանը պնդում է, որ վարչապետն է պատասխանատու հունիսի 12-ի ոստիկանական գործողությունների համար։
«Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ, այն բռնությունները, սադիզմն անմիջապես հրահանգված, արտոնված էր Նիկոլ Փաշինյանի կողմից», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց պատգամավորը։
Իրավապաշտպանները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել են տեղի ունեցածը, անթույլատրելի համարել իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, հորդորել ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն։
«Երբ ինքը հայտարարեց, որ որևէ ոստիկան երբեք չի պատժվել, սրանով ինքը քարտ բլանշ տվեց ոստիկաններին սադիստաբար ժողովրդի դեմ, խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառել», - նշեց Խաչատրյանը։
Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ սա հարձակում էր երկրի բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի վրա, իսկ ոստիկանության գործողությունները իրավաչափ են եղել, ավելին հայտարարում են, թե շարժման ղեկավարներն են կազմակերպել և ցուցարարներին բախման տարել։ Արթուր Խաչատրյանը հակադարձում է՝ բռնությունը սկսվեց ոստիկանների կողմից։
«Ցույցի խաղաղ բնույթի ապահովելը ոստիկանության պարտավորությունն է, <> իսկ իրենք փոխանակ ցույցի խաղաղ բնույթը ապահովեին, սադրված բռնության գնացին, հատուկ միջոցներ կիրառեցին՝ ձայնալուսային նռնակները նետել են ժողովրդի մեջ՝ հասկանալով, որ դա մարդկանց առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Ոստիկանությունը պատրաստ էր. Ներսես Կոպալյան
Նևադայի համալսարանի պրոֆեսոր Ներսես Կոպալյանը, այս դեպքերը համեմատելով, ԱՄՆ-ի հունվարվեցյան իրադարձությունների հետ, ասաց, որ Հայաստանի դեպքում ոստիկանությունը պատրաստ էր։ Նրա խոսքով՝ հունիսի 12-ին ցուցարարները միայն խաղաղ մոտեցում չունեին։
«Ամենակարևոր գործոնը, որ թույլ չտվեց՝ այն, ինչ որ կատարվեց հունվարի 6-ին ԱՄՆ-ում, կատարվի Հայաստանում, ոստիկանության ներկայությունն էր ու պատրաստվածությունը։
Ցուցարարները ամսի 12-ին, հասկացանք, որ միայն խաղաղ մոտեցում չունեին, և երբ փորձեցին Ազգային ժողով մտնել... ամբողջովին այդ դինամիկան փոխվեց», - «Ազատության» եթերում ասաց Կոպալյանը։
Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում