Մատչելիության հղումներ

«Պայքարի բովանդակությունը չի փոխվելու և շարունակելու է թերևս մի քիչ այլ կերպերով». Բագրատ սրբազան


Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագռատ արքեպիսկոպոս Գալստանյան
Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագռատ արքեպիսկոպոս Գալստանյան

Բագրատ Սրբազանն ու աջակիցները վաղ առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Մինչ կհասնեին, ոստիկանական շարասյուներով փակել էին վարչապետ Փաշինյանի աշխատավայրի մուտքերը։

Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդը խոսեց ոստիկանների երեկվա գործողությունների մասին, որ, իր ձևակերպմամբ, ջարդել էին ցուցարարներին։

Բագրատ Սրբազանի խոսքերին կառավարության շենքը պաշտպանող ոստիկաններն արձագանքեցին՝ մեջքով շրջվելով դեպի ցուցարարները։ Ոստիկանական մեքենաների ազդանշանները միացնելով՝ փորձեցին խլացնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը։

Բարձրաստիճան իշխանականների մեղադրանքներին, թե ինքն է կոչ արել գրոհել ոստիկանների վրա, Գալստանյանն արձագանքեց՝ այդպիսի կոչ չի հնչել, հակառակը՝ հորդորել է հանդարտվեն։

«Հակառակը՝ շշեր մի նետեք, հանդարտվեք, այո, ես գնացել եմ կարմիր բերետավորների հետևից, որովհետև մարդկանց մորթում էին բառիս բուն իմաստով, էդ հատուկ միջոցներն էլ մարդիկ խաղաղ այգու մեջ կանգնած, այգու մեջ են նետել, մի քանի հատ էլ իմ ոտքերի դիմաց է ընկել», - նշեց Բագրատ արքեպիսկոպոսը:

Շարժման առաջնորդը 96 ժամ էր տվել իշխանություններին, այդ ժամկետը լրանում է, ի՞նչ է նախատեսվում դրանից հետո։

«Պայքարի բովանդակությունը, բնականաբար, չի փոխվելու և շարունակելու է թերևս մի քիչ այլ կերպերով», - նշեց նա:

Վարչապետը կառավարությունում չէր, Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանն էր մասնակցում։ Վերջին պահին հայտնեցին, թե գործադիրի ամենշաբաթյա նիստը հետաձգվել էր։ Ընդդիմադիրների ակցիան մոտ երկու ժամ տևեց։ Մի պահ իրավիճակը լարվեց, ապա՝ հարթվեց։

Կառավարությունից երթով վերադարձան Ազգային ժողովի մոտ՝ Բաղրամյան փողոց, վրանները դեռ տեղում են։ Բագրատ սրբազանը հայտնեց, որ կայցելի բախումների հետևանքով վիրավորված մարդկանց։

XS
SM
MD
LG