Մատչելիության հղումներ

Համաչա՞փ ու օրինակա՞ն էին ոստիկանական գործողությունները. իրավապաշտպանների գնահատականները


Ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառում Ազգային ժողովի հարակից տարածքում, Երևան, հունիսի 12, 2024թ.
Ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառում Ազգային ժողովի հարակից տարածքում, Երևան, հունիսի 12, 2024թ.

«Բա թողե՞ն՝ իրար մորթե՞ն». ոստիկանապետ

101 տուժած քաղաքացի ու ոստիկան ոստիկանության երեկվա գործողություններից հետո և դրանք քննող ոչ մի առանձին քրեական գործ։

Հատուկ միջոցների կիրառումից րոպեներ անց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց. - «Լավ են արել, մի հատ հաշվեք՝ քանի շիշ է գլխիս ընկել, բա թողե՞ն՝ իրար մորթե՞ն։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է անում ժողովուրդը։ Մեղավորը ոստիկանությունը չէ»։

«Տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ», - դեպքերի մասին խոսելով՝ նշել է վարչապետը։

ՆԳՆ-ն երկու ծառայողական քննություն է անցկացնում

Ոստիկանական գործողությունների իրավաչափությանը վերաբերող հաղորդում Քննչական կոմիտեն չի ստացել, փոխանցեց խոսնակը։ Երեկ՝ դեպքերից կարճ ժամանակ անց, Քննչականը վարույթ նախաձեռնեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձությունների հետքերով՝ դրանք որակելով «զանգվածային անկարգություններ»։ Կոմիտեի խոսակ Գոռ Աբրահամյանն ասաց՝ դրա շրջանակներում էլ ընդհանուր քննություն կկատարվի։

Իսկ ՆԳՆ-ից հայտնեցին՝ այս պահին ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին առնչվող երկու ծառայողական քննություն և երկու ուսումնասիրություն են անցկացնում։

Նռնակները կիրառվել են առողջապահության նախարարի հրամանի խախտմամբ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ուսումնասիրելով երեկվա բախման տեսագրությունները, այդ թվում՝ իրենց կողմից նկարահանված, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը լուսաձայնային նռնակի շուրջ 25 կիրառում է արձանագրել։ Կարծում են՝ նռնակները կիրառվել են առողջապահության նախարարի հրամանի խախտմամբ, չի պահպանվել մարդկանց նվազագույն 2,5 մետր հեռավորությունը, որի հետևանքով էլ քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:

Կազմակերպությունը բախումներից րոպեներ առաջ երեկ հաշվել է 3600 ցուցարարի, առավոտից Դեմիրճյան փողոցի հատվածում կուտակվող մեծաթիվ ոստիկաններին, սակայն, չեն հաշվել։

Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ ոստիկանությունը պետք է արձագանքեր, քանի որ, ըստ նրա, քաղաքացիներն իրենց ագրեսիվ գործողություններով նախահարձակ էին եղել, բայց մի շարք դեպքերում նա անգամ կարծում է՝ ոստիկանների անհամաչափ գործողությունները պետք է դառնան քրեական գործի առիթ։

«Մենք տեսանք, որ մի քանի լուսաձայնային նռնակի կիրառումից հետո քաղաքացիների հարձակումը ոստիկանության շարքի նկատմամբ դադարեց, բայց ոստիկանությունը շարունակում ու շարունակում էր լուսաձայնային նռնակներ կիրառել։ Մենք ականատես եղանք, որ լուսաձայնային նռնակի պայթյունի արդյունքում գետին ընկած քաղաքացիներին մոտենում են այլ քաղաքացիներ՝ ակնհայտորեն օգնություն ցույց տալու համար, և մի հատ էլ այդտեղ են լուսաձայնային նռնակ կիրառում։ Կներեք, այդ նռնակը կիրառվում է գետին ընկած քաղաքացիներին վնասազերծելո՞ւ համար, թե՞ իրենց օգնություն հասած քաղաքացիներին վնասազերծելու համար։ Առաջինը մի քանիսը միգուցե համաչափ էր, բայց հաջորդները, ըստ էության համաչափ չէին», - ասաց նա։

Ոստիկանությունն, ըստ Իոաննիսյանի, կարող էր այլ գործողություն իրականացնել։ Նա կարևոր է համարում նաև հատուկ միջոցի կիրառումը՝ ինչ է նետվել. - «Չկար որևէ տեղ, որ 2.5 մետ լիներ, կարող են կիրառել ԱԶՍ-40-ի կրակոցներ, որոնք օդում են պայթում»։

Թե հատկապես ի՞նչ հատուկ միջոց ոստիկանությունը երեկ կիրառեց Բաղրամյանում, այս պահին բանավոր չեն մանրամասնում, «Ազատություն»-ը գրավոր հարցում է ուղարկել։

Քաղաքացին ձեռքի մատներն է կորցրել

Իոաննիսյանը ենթադրում է՝ ոստիկանությունն օգտագործել է ձեռքով նետվող «Պլամյա» կամ «Զարյա» լուսաձայնային նռնակներ, օդում պայթող ԱԶՍ-40 նռնակներ չեն կիրառվել։

Գետնին ընկած «Զարյան»-ն արձանագրել է նաև Ֆոտոլուրը։

«Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ, բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, և որը պայթել է նրա ձեռքի մեջ», - այս դեպքի մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» կարծում է՝ եթե անհրաժեշտ հեռավարությունը պահպանվեր, քաղաքացին ձեռքի մատները կորցնելու իրավիճակում չէր հայտնվի։

«Ազատության»-ը «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացին պատմել է, որ լուսաձայնային նռնակից է վիրավորվել, իսկ մարմնից բեկորներ են դուրս բերվել։ Մասնավորապես, ինչ հատուկ միջոցի բեկորներ են դրանք, բժշկական կենտրոնի փոխտնօրենն ասում է՝ եզրակացություն տվողը իրենք չեն, իրավապահները իրենցից ոչինչ չեն պահանջել։ Քննչականից հայտարարում են՝ բոլոր հիվանդանոցներ գնալու են անհրաժեշտ գործողությունների համար։

Երեկվանից մեկ այլ բանավեճ կա՝ ոստիկանության օրենքով նախատեսված զգուշացում եղե՞լ է ու արդյոք պատշաճ, թե՞՝ ոչ։ Օրենքը ոստիկանության ծառայողին պարտավորեցրել է նախազգուշացնել, բայց և նախատեսել բացառություններ՝ երբ հապաղելը անմիջական սպառնալիք է քաղաքացիների կամ ոստիկանների կյանքին ու առողջությանը, կամ նախազգուշացումը անհնար է։ Իոաննիսյանն ասում է՝ նախազգուշացում միայն մի տեսանյութում է կարողացել հայտնաբերել։

Որևէ ոստիկան չի նախազգուշացրել. այգում գտնվող ծնող

«Իրազեկ քաղքացիները» նաև կարծում են՝ ոստիկանությունը պատշաճ պատ չի կազմել Սիրահարների այգու հատվածում, որի հետևանքով ցուցարարների կողմից այգի մտնելը հանգեցրել է ոստիկանական պաշտպանության «փլուզմանը»։ Այստեղ, ըստ իրավապաշտպանի, կարելի էր խուսափել հատուկ միջոցների կիրառումից։ Առաջին հատուկ միջոցները հենց այգու հատվածում կիրառվեցին, որտեղ մարդիկ են զբոսնում իրենց մանկահասակ երեխաների հետ։

Սիրահարների այգուց մի քանի տասնյակ մետրի վրա՝ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ գտնվող սրճարան, մանկապարտեզն ավարտող սաների համար ծնողները երեկ երեկոյան միջոցառում էին կազմակերպել։ Ոչ մի ոստիկան, «Ազատության»-ը պատմեց ներկայանալ չցանկացած ծնողներից մեկը, տարածք չի եկել, չի նախազգուշացրել, թե հատուկ միջոց է կիրառվելու։

«Ավելի փոքրերը լացում էին այդ խուճապից՝ չհասկանալով՝ ինչ եղավ», - ասաց նա, շարունակելով, - «Փորձում էինք երեխեքին գտնել, մեր տեսադաշտ բերել, հավաքել, հանգստացնել։ Բոլորը փորձում էին խաղալու հատվածում իրենց երեխեքին գտնել, ներս տանել»։

Իրադարձությունների պատասխանատուն իշխանությունն է. Ալեքսանյան

«Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա, ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, Հայաստանի պետականությունը», - նշել է վարչապետը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ իրադարձությունների պատասխանատուն իշխանությունն է, իսկ տեղի ունեցածի մասին իր հայտարարություններով Փաշինյանն ուղղորդում է քննությունը։

«Դու ի՞նչ գիտես, որ ինչ է տեղի ունեցել», - ասաց նա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտելի է համարել թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների պատմածը երեկվա իրադարձությունների վերաբերյալ։ Անահիտ Մանասյանը երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել։

Վերջին ամիսներին Հայաստանի ոստիկանության աշխատանքը քննադատել են միջազգային մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ։

XS
SM
MD
LG