Մատչելիության հղումներ

Պուտինն արտոնեց Ադրբեջանին և Թուրքիային՝ հետ վերցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները․ «Էկոնոմիստ»


Ինչ է սպասվում հաջորդ տարի. բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ»-ը առանձնացրել է 2024-ին կայանալիք կարևորագույն իրադարձություններն ու հնարավոր վտանգները, որ այս կամ այն կերպ կփոխեն կյանքը մոլորակի վրա։

1. Նախ՝ ընտրություններ։ Աշխարհի վրա ապրող մարդկանց կեսից ավելին 2024-ին կգնա համապետական քվեարկության. հաջորդ տարի ընտրություններ են նախատեսված ավելի քան յոթ տասնյակ երկրներում, որտեղ, ընդհանուր առմամբ, ավելի քան 4.2 միլիարդ մարդ է ապրում։

Թեև այս ցուցանիշներն առաջին հայացքից վկայում են ընտրության իրավունքի ու ժողովրդավարության հաղթանակի մասին, իրականում պատկերը ճիշտ հակառակն է, գրում է «Էկոնոմիստ»-ը՝ մանրամասնելով՝ «բազմաթիվ քվեարկություններ կամրապնդեն ոչ ազատական առաջնորդների դիրքերը, մյուսները՝ հաղթանակ կպարգևեն կոռումպացված ու ոչ հմուտ կառավարիչներին»։

Ամենակարևոր մրցապայքարը, անշուշտ, Ամերիկայում է, որն իր ազդեցությունը կթողնի ողջ աշխարհի վրա։

«Ի՞նչ կլինի, եթե Դոնալդ Թրամփը հաղթի, ինչի հավանականությունը տագնապալի աճում է»,- հարցնում է «Էկոնոմիստ»-ը, կանխատեսելով․- «Թրամփի հնարավոր հաղթանակի դեպքում Ամերիկան կարող է դառնալ մեկուսացման միտումներով խաղալիք-ատրճանակ, ռուս-ուկրաինական պատերազմն էլ կարող է հանգուցալուծվել Ուկրաինայի հաշվին»։

Մի շարք այլ երկրներում, մինչդեռ, քվեարկությունների արդյունքը վաղուց է կանխորոշված․ Բելառուսում կամ Ռուանդայում, օրինակ, միակ հարցն այն է, թե գործող առաջնորդը 100 տոկոսից որքան կկորցնի։

Ռուսաստանի նախագահը, որ վերացրել էր վերստին առաջադրվելու արգելքը, կրկին անկասկած կհաղթի, գրում է «Էկոնոմիստ»-ը՝ ընդգծելով՝ Պուտինի ապագան այսօր կախված է ավելի շատ ամերիկացի, քան ռուսաստանցի ընտրողներից։

2. Հաջորդը պատերազմներն են։ Ուկրաինական հակամարտությունը, ըստ «Էկոնոմիստ»-ի, կշարունակվի։ «Ակնհայտ է, որ 2023-ի երկար սպասված հակահարձակումը ձախողվեց, չնայած Ռուսաստանը մեծաթիվ կորուստներ կրեց, բայց շարունակում է օկուպացիայի տակ պահել Ուկրաինայի տարածքի մոտ 18 տոկոսը. կեսը՝ 2014-ին՝ Ղրիմի բռնակցմամբ, մյուս մասն էլ՝ 2022-ից սկսված ներխուժմամբ։

«Պուտինը ուզում է հյուծել Արևմուտքի ներուժն ու նյարդերը», - եզրակացնում է բրիտանական հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ «լավատեսները կարծում են, որ այս պատերազմը կքայքայի Ռուսաստանի քաղաքական համակարգը, հոռետեսները, մինչդեռ, զգուշացնում են՝ Պուտինը դեռ երկար կարող է շարունակել իր այս քաղաքականությունը»։

3. Հարավային Կովկաս։ Ուկրաինական չդադարող հակամարտության ֆոնին «Էկոնոմիստ»-ը փոփոխություններ է կանխատեսում նաև Հարավային Կովկասում՝ արձանագրելով՝ «Ղարաբաղի կարճատև պատերազմն ու անկումը մի դրվագն էր միայն այն մեծ տեղաշարժի, որ փոխել է ուժերի հավասարակշռությունը նախկին Խորհրդային Միությունում ու աշխարհում, և որը կշարունակվի նաև հաջորդ տարի»։

«2020 -ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտոնեց Ադրբեջանին և Թուրքիային՝ հետ վերցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները։ Միաժամանակ, սեփական՝ խաղաղապահ զորքը տեղակայեց Լեռնային Ղարաբաղում, իբրև թե հայերին պաշտպանելու, իսկ իրականում՝ սեփական ազդեցությունը պահպանելու համար: Բայց, երբ եկավ Ուկրաինայի դեմ պատերազմելու ժամանակը, Պուտինը նախընտրեց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան՝ աղքատ, ժողովրդավարական Հայաստանի, և թույլ տվեց Ադրբեջանին մաքրել Լեռնային Ղարաբաղը հայերից, որոնք հույս էին դրել Մոսկվայի պաշտպանության վրա»։

«Արցախահայերին դավաճանելուց բացի Ռուսաստանը հույս ունի նաև շահարկել նրանց գաղթը՝ Հայաստանում վարչակարգի փոփոխություն հրահրելու համար: Պուտինը նաև հույս ունի պահպանել տեղում ազդեցությունը՝ վերահսկելով Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միջանցքը, որը կարող է անցնել Հայաստանով»։

Հեղինակավոր պարբերականը միաժամանակ նկատում է, որ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ձեռքն են վերցրել բոլոր խաղաքարտերը և չեն պատրաստվում անհարկի զիջումներ անել Մոսկվային։ Մյուս կողմից, Թուրքիան ու Ադրբեջանը նաև չեն ցանկանում Արևմուտքի կողմն անցնել: «Անկարան ու Բաքուն ցանկանում են իրենց սեփական ուժային հենակետը ստեղծել Կովկասում», - գրում է «Էկոնոմիստ»-ը՝ հավելելով․ - «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքներից մեկը միջին քաշային պետությունների, օրինակ՝ Թուրքիայի վերելքն է, մյուսը՝ Կրեմլի ազդեցության թուլացումը հետխորհրդային աշխարհում»։

4. Մերձավոր Արևելք։ Մյուս տարածաշրջանը, որ կմնա ուշադրության կենտրոնում հաջորդ տարի, Մերձավոր Արևելքն է։ «Համաս»-ի հոկտեմբերյան հարձակումը և Իսրայելի պատասխան գործողությունները ի ցույց դրեցին, որ աշխարհը չի կարող այլևս չտեսնելու տալ պաղեստինցիների դժվարին դրությունը»,- գրում է «Էկոնոմիստ»-ը՝ հավելելով՝ «հստակ է, որ այս պատերազմը փոխելու է պաղեստինցիների կյանքը»։ Թե ինչպես, դծվար է կանխատեսել, բայց կա մի քանի կարևոր գործոն, որից էլ կախված կլինի վերջնական արդյունքը։

Նախ՝ ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում Իսրայելը կավարտի պատերազմը։ Բանակն ասում է՝ զենքերը վայր կդնի, երբ «Համաս»-ն այլևս չլինի, բայց ահաբեկչական այդ խմբավորումը տասնյակ հազարավոր զինյալներ ու ավելի շատ աջակիցներ ունի, ինչը նշանակում է, որ Իսրայելը կարող է մխրճվել տևական պարտիզանական պատերազմի մեջ, Գազայի բնակիչներն էլ՝ շարունակական տեղահանման։

Երկրորդ կարևոր գործոնը՝ ի՞նչ է լինելու պատերազմի ավարտից հետո, ո՞վ է վերահսկելու Գազայի հատվածը և ո՞ւմ օգնությամբ։

Երրորդը՝ ի՞նչ դեր է խաղալու ապագայում Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը, որի վարչակազմը կոռումպացված է, բայց դիրքորոշումներով՝«Համաս»-ից առավել չափավոր։

«Լավատեսները հույս ունեն, որ արյունալի 2023-ը կարող է նաև դրական կողմ ունենալ, և ամրապնդել Պաղեստինի ազգային վարչությունը՝ ստիպելով Իսրայելին գնալ խաղաղության բանակցությունների։ Բայց այս օրերին լավատեսության հիմքեր դժվար է գտնել»,- արձանագրում է հեղինակավոր պատբերականի խմբագրականը։

2024-ի հնարավոր վտանգներն ու սպառնալիքները


Ընդհանուր առմամբ, ըստ «Էկոնոմիստ»-ի, 2024 ը խոստանում է դառնալ 1945 թվականից հետո ամենավճռորոշ տարին աշխարհակարգի համար։

Արևմուտքի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 19-րդ դարից ի վեր առաջին անգամ նվազել է մինչև 50 տոկոս։ Հնդկաստանի և Թուրքիայի պես պետությունները կարծում են, որ երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված ինստիտուտներն այլևս չեն արտացոլում իրենց մտահոգությունները: Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են ավելի հեռուն գնալ և տապալել այս համակարգը։ Թեև Ամերիկայի տնտեսությունը դեռևս մնում է գերակայող, բայց նրա միաբևեռ առաջնորդությունն այլևս չկա, Եվրոպայում և Ճապոնիայում դաշնակիցները հարաբերական տնտեսական անկման մեջ են, մինչ Հանրապետական կուսակցությունում հակված են գնալ Ամերիկայի մեկուսացման:

Աշխարհով մեկ նոր՝ անորոշության միտում է սկսվել, և եթե 90-ականներին շատ երկրներ ձգտում էին դեպի ազատություն, շուկայական տնտեսություն ու կանոնների վրա հիմնված գլոբալիզացիա, ապա հիմա սկսվել է պոպուլիզմի ու մեկուսացող տնտեսությունների անվերահսկելի շրջափուլ։ Արդյունքում, 2024-ին ուրվագծվում է երեք հիմնական վտանգ.

Նախ, ստեղծվել է անպատժելիության աճող դաշտ, որտեղ ո՛չ գլոբալ ուժերը, ո՛չ գլոբալ ինստիտուտները չեն գործում, գրում է «Էկոնոմիստ»-ը՝ մանրամասնելով՝ Ադրբեջանը հենց նոր պատերազմեց Հայաստանի դեմ, դիմեց նաև էթնիկ զտումների՝ այդպես էլ մնալով անպատիժ։ Իրանի աջակիցները բարգավաճում են Մերձավոր Արևելքի ձախողված պետություններում, և չի բացառվում, որ 2024 թվականին այս անպատժելիության գոտին ընդլայնվի նաև Աֆրիկայում և Ռուսաստանի ծայրերում։

Երկրորդ՝ ամրապնդվում է Չինաստանի, Իրանի ու Ռուսաստանի անհանգստացնող եռյակը, որոնք ավելի քիչ ընդհանրություններ ունեն, քան արևտյան երկրները, բայց մեկ հարցում են համակարծիք՝ ուզում են սասանել Ամերիկայի առաջնորդությունը և խուսափել գործող կամ հնարավոր պատժամիջոցներից։ 2024-ին աշխարհը կիմանա՝ մինչև ուր կարող է գնալ այս եռյակը, կանխատեսում է «Էկոնոմիստ»-ը։

Վերջին՝ երրորդ սպառնալիքը արևմտյան ժողովրդավարությունների դյուրաբեկությունն է։ Արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին ոգևորիչ էր, Ամերիկան ու Եվրոպան միավորվեցին, բայց հիմա, երբ պատերազմը մտել է փակուղի, միասնությունը նույնքան կուռ չէ։ Ամերիկայում հանրապետականները միակարծիք չեն Ուկրաինային ֆինանսավորելու հարցում, Եվրոպայում էլ Հունգարիայի նման երկրներն են այն արգելափակում։ Էլ ավելի պառակտիչ էր Իսրայելի ներխուժումը Գազա, մյուս կողմից, առաջիկայում կարող են ի հայտ գալ նոր տարաձայնություններ։ Օրինակ՝ Եվրոպան կմիանա՞ Նահանգներին, երբ վերջինս որոշի կռվել՝ Թայվանի պաշտպանության համար, հարց է բարձրացնում «Էկոնոմիստ»-ը՝ ընդգծելով՝ այս ֆոնին ամենակարևորը Ամերիկայի նախագահական ընտրություններն են:

Եթե Սպիտակ տուն գա մեկուսացման ձգտող նախագահ, Եվրոպան, իհարկե, կշարունակի պայքարը Ուկրաինայի համար, բայց դժվար կլինի անհրաժեշտ օգնությունը երաշխավորել։ Ասիայում կսկսեն կրկնօրինակել Չինաստանին ու ամրապնդել իրենց սեփական ռազմական հզորությունները, Հարավային Կորեայի ու Սաուդիան Արաբիայի նման երկրները կարող են միջուկային պետութուն դառնալու ճանապարհ ընտրել։

Եթե Ամերիկան ինտերնացիոնալիստ առաջնորդ ընտրի, աշխարհի մեծ մասը կարող է թեթևացած շունչ քաշել, բայց անգամ այդ դեպքում Վաշինգտոնը մեծ գործ ունի անելու՝ միջազգային անվտանգության ու առևտրի կայունացման համար։

Անելիքների շարքում առաջնային է Եվրոպայի հետագա ընդարձակումը, համագործակցության խորացումը Հնդկաստանի հետ ու երկու պետությունների՝ Իսրայելի ու Պաղեստինի ստեղծումը Մերձավոր Արևելքում։ Այդժամ, գուցե պատմաբանները մի օր կխոսեն 2025-ից հետո հաստատված նոր աշխարհակարգի մասին, եզրափակում է «Էկոնոմիստ»-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG