Լատինական Ամերիկայի խոշորագույն պետություններից մեկում՝ Կոլումբիայում, առաջին անգամ պատմության մեջ նախագահական ընտրություններում հաղթում է ձախ ուժերի թեկնածուն։
Կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում տրված քվեների ավելի քան 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ սենատոր, մայրաքաղաք Բոգոտայի նախկին քաղաքապետ Գուստավո Պետրոն ստացել է ձայների 50 և կես, նրա մրցակից, գործարար Ռոդոլֆո Հերնանդեսը՝ մոտ 49 տոկոսը։
«Այսօր մենք գրում ենք ոչ միայն Կոլումբիայի, այլև Լատինական Ամերիկայի և ողջ աշխարհի պատմության նոր էջը», - դիմելով իր կողմնակիցներին՝ հայտարարում էր Պետրոն։
Կոլումբիայի ընտրյալ նախագահը 62 տարեկան է, նա հայտնի է իր ձախ հայացքներով։ Երիտասարդ տարիքում Պետրոն նույնիսկ անդամակցել է իշխանությունների դեմ պայքարի զինված մեթոդներ կիրառող M-19 խմբավորմանը։
Քարոզարշավի ընթացքում թեկնածուն խոստանում էր բարելավել հարաբերությունները հարևան Վենեսուելայի հետ, նա չի բացառել նաև ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի մի շարք դրույթների վերանայումը։