Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել: Անակնկալ կերպով հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քվեարկությունը տեղի կունենա ուղիղ երկու ամսից` հաջորդ տարվա փետրվարի 7-ին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել ընտրությունների անցկացումը օրենքով սահմանված կարգով։
Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին, թե որն է արտահերթի գնալու պատճառը, պաշտոնական աղբյուրները դեռևս չեն պարզաբանում։
Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդական ճակատ»-ի առաջնորդ Ալի Քերիմլին «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նախագահական արտահերթ ընտրությունների մասին որոշումը բնորոշել է որպես «անակնկալ ռազմական գործողություն սեփական ժողովրդի դեմ»:
«Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին էլ պնդել է, թե արտահերթ նախագահական ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա, և այդ կապակցությամբ պարզաբանումներ է ակնկալում առաջիկայում։
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Նագիֆ Համզաևի հավաստմամբ, այդուհանդերձ, արտահերթ կարգով նախագահ ընտրելու անհրաժեշտություն կա՝ պայմանավորված «տարածաշրջանում շատ տարբեր և արագ գործընթացներով»։ «Անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել և կանխել գործընթացների մեծ մասը», - ասել է Ալիևի կուսակիցը՝ առանց փակագծեր բացելու:
Ադրբեջանում նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին։ Այդ ընտրությունները միջազգային դիտորդները գնահատել են ոչ-մրցակցային: Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ, «Ադրբեջանում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»: Ի սկզբանե քվեարկությունը նախատեսված էր նույն տարվա հոկտեմբերին, սակայն 2003 թվականից երկրի կառավարման ղեկը ձեռքում պահող Իլհամ Ալիևը որոշել էր ընտրություններն անցկացնել մի քանի ամիս շուտ։ Հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին դրանք՝ պատճառաբանելով, որ Ալիևի անակնկալ որոշման պատճառով պատրաստվելու ժամանակ չունեն: Առանց լուրջ մրցակցային պայքարի Իլհամ Ալիևն այդ պաշտոնում վերընտրվել էր չորրորդ անգամ, բայց արդեն 7 տարի ժամկետով․ երկրի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր 2016-ի սահմանադրական փոփոխություններով, Մայր օրենքում փոփոխությունները Ալիևին թույլ տվեցին նաև կնոջը նշանակել երկրի փոխնախագահ։
Մինչ այդ էլ՝ մեկ այլ սահմանադրական փոփոխությամբ, Ալիևը վերացրել էր երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ տեսականորեն նա կարող է այնքան առաջադրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում, որքան ցանկանա։
Ինչ վերաբերում է իշխող ընտանիքի գլխավորած քաղաքական ուժին՝ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ստացել 2020 թվականի փետրվարին՝ կրկին արտահերթ ընտրությունների արդյունքում։ Պատգամավորական բոլոր մանդատները՝ բացառությամբ մեկի, ստացել են կա՛մ իշխող ուժի ներկայացուցիչները, կա՛մ իշխանամետ թեկնածուները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշումը Ալիևը պայմանավորել էր երկրում ընթացող լայնածավալ տնտեսական բարեփոխումներով: