Մատչելիության հղումներ

Ալիևի թեկնածությունը 5-րդ անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնում․ հաղթելու դեպքում Ալիևների դինաստիան կղեկավարի Ադրբեջանն ավելի քան 50 տարի 


Իլհամ Ալիևի թեկնածությունը հինգերորդ անգամ կառաջադրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում։ Երկրի քաղաքական գլխավոր, բայց ոչ անակնկալ այս լուրը հայտնել է իշխող ուժի փոխնախագահ Թաիր Բուդաղովը՝ նշելով նաև, որ ոչ միայն «Յենի Ազերբայջան» կուսակցության, այլև բոլոր հայրենասերների ցանկությունն է նախագահի աթոռին տեսնել Իլհամ Ալիևին։

«Երկար տարիներ բոլորն ասում էին՝ «ով ազատագրի Ղարաբաղը, նա կլինի մեր հավերժ նախագահը»։ Կարծում եմ, որ Իլհամ Ալիևն այս պաշտոնին արժանի է իր քաղաքականության 20 տարիների, ադրբեջանական ժողովրդին ծառայելու և օկուպացված տարածքների ազատագրման համար։ Ադրբեջանի յուրաքանչյուր հայրենասեր հավատարիմ է այս տեսակետին»,- հայտարարել է Ադրբեջանի առաջնորդի կուսակիցը։

Նախագահի պաշտոնում Ալիևի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին իշխող կուսակցության հայտարարությունը հնչում է երկրի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի մահվան 20-րդ տարելիցի օրը. 2003 թվականի հենց այս օրը Իլհամ Ալիևը փաստացի ժառանգեց Ադրբեջանի իշխանության ղեկը։ Մինչև այդ Հեյդար Ալիևը Ադրբեջանը ղեկավարել է ընդհանուր առմամբ 23 տարի, այդ թվում՝ 13 տարի որպես Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ։

Երկու տասնամյակ Ադրբեջանի իշխանության ղեկը ձեռքում պահող 61-ամյա Ալիևը անցած շաբաթ անակնկալ որոշում է կայացրել՝ չսպասել մինչև 2025 թվականը, այլ նախագահական ընտրություններն անցկացնել արտահերթ կարգով՝ ընդամենը երկու ամսից։

Ալիևն արդեն որերորդ անգամ նման քայլերով հեշտացնում է իր վերընտրվելը. ընդդիմություն

Ադրբեջանի քաղաքական ուժերին հանկարծակիի բերած որոշման պատճառների մասին պաշտոնապես առայժմ չի հաղորդվել։

Ալիևի վարչակազմը նախկինում էլ է նախատեսված ժամկետից շուտ համապետական քվեարկություն կազմակերպել՝ այդպիսով նաև հնարավորություն չտալով ընդդիմությանը պատշաճ պատրաստվել ընտրապայքարին։

Մինչ այս պահը Ադրբեջանի քաղաքական գործիչներից որևէ մեկը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնի համար Ալիևի դեմ պայքարելու մտադրության մասին։

«Մուսավաթ» կուսակցությունը դատապարտել է առանց հանրային քննարկման արտահերթի գնալու նախագահի որոշումը ՝ պնդելով, որ գործող նախագահն արդեն որերորդ անգամ նման քայլերով հեշտացնում է իր վերընտրվելը։

«Այս որոշմամբ իշխանությունը նվազագույնի է հասցրել քաղաքական ընդդիմության և երկրում փոփոխությունների կողմնակիցների, ինչպես նաև դիտորդական առաքելությունների՝ ընտրություններին նախապատրաստվելու հնարավորությունը»,- հայտարարել է ընդդիմադիր ուժը՝ նկատելով, որ արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին էլ իշխանությունը բռնաճնշումների նոր ալիք է նախաձեռնել՝ ձերբակալելով տասնյակ քաղաքական ակտիվիստների և լրագրողների, «ինչը հաստատում է, որ իշխանությունները այս անգամ էլ մտադիր չեն ժողովրդավար ընտրություններ անցկացնել»։

2018 թվականին Ալիևը հերթական անգամ նախագահ ընտրվեց «Մուսավաթ»-ի, ինչպես նաև մյուս ընդդիմադիր ուժերի բոյկոտի պայմաններում, ընդ որում՝ արդեն 7 տարի ժամկետով։ Ադրբեջանի նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով ոչ միայն երկրի ղեկավարի պաշտոնավարման ժամկետն է երկարաձգվել, այլև հնարավորություն է տրվել իր կնոջը նշանակել երկրի փոխնախագահ։ Դրանից առաջ էլ մայր օրենքի մեկ այլ խմբագրական նախաձեռնությամբ նա վերացրել էր երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ տեսականորեն Ալիևը կարող է այնքան առաջադրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում, որքան ցանկանա։

Ինչո՞ւ է Ալիևը ցանկանում նախագահական ընտրությունները նախատեսվածից շուտ անցկացնել

Իսկ ինչո՞ւ է Ալիևը ցանկանում նախագահական ընտրություններում հերթական հաղթանակը նախատեսվածից տասնհինգ ամիս շուտ տոնել, ի՞նչն է նրան ստիպում շտապել։

Բացի հնարավոր մրցապայքարը նվազագույնի հասցնելուց, կան ենթադրություններ, որ արտահերթի գնալով Ալիևը փորձում է թեթևացնել 2025 թվականի քաղաքական օրացույցը, քանի որ նույն տարում նաև խորհրդարանական ընտրություններ են նախատեսված։ Բացի այդ, 2025 թվականին ավարտվում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման ժամկետը։

Կան նաև կարծիքներ, որոնց համաձայն՝ Ադրբեջանի երկարամյա ղեկավարը փորձում է օր առաջ ամրագրել յոթամյա պաշտոնավարումը իր համար առավել նպաստավոր պայմաններում՝ մի ժամանակահատվածում, երբ աննախադեպ բարձր վարկանիշ ունի Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո, որի արդյունքում վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի նախագահ կընտրեն նաև Ղարաբաղի նոր բնակիչները։

Քաղաքագետ Ազեր Գասիմլիի համոզմամբ՝ Ալիևն անհանգիստ է ինչպես իր, այնպես էլ հետագա գործընթացների համար։ Գասիմլին երկրի սոցիալական խնդիրներն է մատնացույց անում՝ նշելով, որ այս տարի Ադրբեջանում տնտեսական աճը ամենացածրն է եղել ԱՊՀ բոլոր երկրների համեմատ։ Նրա խոսքերով՝ «սոցիալական անդունդը գնալով խորանում է, արդյունքում սոցիալական լարվածությունն աճում է»։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Ղարաբաղի հաղթանակը Ալիևի վարչակազմը չկարողացավ վերածել զարգացման, այլ օգտագործեց միայն սեփական լեգիտիմիության և հանրային ժամանակով աջակցություն ձեռք բերելու համար։

«Ալիևի ձեռքում չի մնացել ոչ մի արտաքին քաղաքական քարտ, որը կարող է օգտագործվել ներքին քաղաքականության մեջ։ Ղարաբաղի հարցը վերջին նման խաղաքարտն էր, և այն արդեն օգտագործվել է։ Իսկ ամենագլխավորը ռուսական ռազմական զորախմբի ներկայությունն է մեր երկրում, որը 2025 թվականին էլ չի լքի մեր երկրի տարածքը։ Իսկ դա էլ ավելի կնվազեցնի իշխանությունների լեգիտիմությունը»,- «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Գասիմլին։

«Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարական կրթության կենտրոնի» ղեկավար Անար Մամեդլին ևս այն կարծիքին է, որ Ալիևը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակից և Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի դիվիդենտներից։

«Իշխանությունն առկա աշխարհաքաղաքական իրավիճակում ոչ մրցակցային ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի, ինչին միջազգային հանրության ուշադրությունն չի դարձնում»,- «Թուրանի» հետ զրույցում ընդգծել է Մամեդլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG