Երևանն ու Բաքուն դեռ տարբեր դիվանագիտական լեզուներով են խոսում, այսօր դիմելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրականներին, հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կրկնեց, թե խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այնուհանդերձ կառավարության ղեկավարը մտահոգիչ համարեց, որ Բաքուն հրապարակավ չի վերահաստատել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, իսկ դելիմիտացիան Ալմա-Աթիի հռչակագրի սկզբունքներով պետք է իրականացվի և տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն կողմերի ինքնիշխանության ու իրավազորության հիման վրա։
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է», - հայտարարեց գործադիրի ղեկավարը:
Երևանի համար անհասկանալի է նաև, թե ինչու Բաքուն չի վերադարձնում Ադրբեջանում պահվող գերիներին։
Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում 54 հայ գերի կա, նրանցից 16-ը գերեվարվել են սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո, նրանց թվում են արցախցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ։
«Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիների հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը՝ չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձևով՝ «բոլորը բոլորի դիմաց», - ասաց Փաշինյանը:
Պաշտոնական Բաքուն դժգոհում է, որ չնայած մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին Հայաստանից հնչող հրապարակային հայտարարություններին՝ Երևանը երկու ամսից ավելի է չի պատասխանում փաստաթղթի ադրբեջանական հինգերորդ տարբերակին։
Արդյո՞ք Բաքվի պնդումն իրական է, եթե այո, ապա ինչո՞ւ է հայկական կողմը հապաղում Ադրբեջանին արձագանքելու հարցում։ Հայաստանի վարչապետն այս հարցին չանդրադարձավ իր ելույթում։ Սակայն, Փաշինյանը վերահաստատեց Երևանի պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու հարցում։
«Նախորդ օրը Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեցի, որ մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար», - հայտարարեց վարչապետը:
Երևան-Անկարա հարաբերություններ
Փաշինյանը նաև Երևան-Անկարա հարաբերություններին անդրադարձավ։ Հույս հայտնեց, որ առաջիկայում կբացվի շուրջ 3 տասնամյակ փակ հայ-թուրքական սահմանը։
«Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, և սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ: Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, և Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը», - հայտարարեց վարչապետը։
47 պետությունների շուրջ 300 պատգամավորներ են ժամանել Երևան
47 պետությունների շուրջ 300 պատգամավորներ են Երևան ժամանել այսօրվանից մեկնարկած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու:
Նստաշրջանի աշխատանքներին հրաժարվել են մասնակցել Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Եթե Բաքուն իր որոշումը պատճառաբանում է Հայաստանում անվտանգության խնդիրներով, ապա Անկարայի ու Մոսկվայի դեպքում հայտնի չէ՝ ինչն է պատճառը:
Երևանից հայտնում են՝ իրենք մեկ անգամ չէ, որ հավաստիացրել են՝ պատրաստ են ապահովելու բոլոր պավիրակությունների անվտանգությունը, այդ թվում՝ ադրբեջանական։
«Ես կարծում եմ, որ իսկապես դժվար է մի ռեժիմի ներկայացուցիչների, որոնք Ղարաբաղում էթնիկ զտում են իրականացրել, հոգեբանորեն առնվազն, գալ և ներկա լինել Հայաստանում վեհաժողովի։ Այո, պատճառաբանությունն են փնտրում և փորձեր են կատարել մեր մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել, բայց ինչպես տեսնում եք, չեն հաջողել», - ասաց
ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։
ԵԱՀԿ ԽՎ-ն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Այս նստաշրջանին, ինչպես հայաստանյան պատվիրակության ղեկավարը հայտնեց՝ փաստաթղթեր չեն ընդունվելու:
Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև մեր տարածաշրջանին առնչվող հարցեր:
«Ակնհայտ է, որ մենք քննարկելու ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այս պահին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Բացի սրանից, մենք ունենք նաև Միջերկրածովյան ֆորում երկուշաբթի օրը, որտեղ մենք կկարողանանք քննարկել, թե ինչ է կատարվում Իսրայելում, Գազայի հատվածում, որին մեր խորհրդարանականներից շատերը երկար ժամանակ սպասում էին: Եվ նաև չմոռանանք մեծ խնդրի մասին, դա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն է, որը մեր օրակարգում է երկար ամիսներ՝ սկսած 2022 թվականի փետրվարից», - ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման։-
Եթե որևէ բանաձև կամ փաստաթուղթ չի ընդունվելու այս նստաշրջանի ընթացքում, ապա ՝ ի՞նչ կտա վեհաժողովը Հայաստանին։ Հայկական պատվիրակության ղեկավար իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը պնդեց, թե այս հարթակը կնպաստի միջազգային հանրության շրջանում հայանպաստ քաղաքականության տարածմանը, դիրքորոշումների փոփոխությանը: