Մատչելիության հղումներ

ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների հարցը բանակցությունների օրակարգում է. փոխարտգործնախարար


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների հարցը խաղաղության բանակցությունների օրակարգում է, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից և Արցախի գրեթե լիակատար հայաթափումից հետո հայաստանցի պաշտոնյաները հրապարակավ չէին ասում, թե արցախահայերի իրավունքները Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների օրակարգում է։

Պաշտոնական Երևանը օրերս Բաքվին փոխանցեց Խաղաղության պայմանագրի նախագծի իր 6-րդ տարբերակը։ Փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվում և պարզ չէ, արդյո՞ք դրանում տեղ են գտել նաև արցախահայերի իրավունքներին, և մասնավորապես, իրենց հայրենիք անվտանգ վերադարձին առնչվող հարցերը։

«Ազատություն». - Խաղաղության պայմանագրի բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում:

Սաֆարյան. - Մենք նշել ենք, որ այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից:

«Ազատություն»․ - Վերջին բոլոր բանակցություններում նրանց վերադարձի հարցը բարձրացվե՞լ է։ Ի՞նչ է քննարկվում՝ նրանց վերադարձի հարցը, Ադրբեջանի կազմում իրենց իրավունքների պաշտպանության հարցը։

Սաֆարյան․ - Տրվել է պաշտոնական գնահատական տեղի ունեցածին, որ կատարվել է էթնիկ զտում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողության արդյունքում և միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, հարցն օրակարգում է և, բնականաբար, բանակցությունների ընթացքում դրան այս կամ այն կերպ անդրադարձ կլինի։

«Ազատություն»․ - Ո՞ր հարցն է օրակարգում։

Սաֆարյան․- Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման հարցը, այսինքն՝ վերադարձի իրավունքների հարցերի կապակցությամբ։

Մինչ Հայաստանի փոխարտգործնախարարը նշում է, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց վերադարձի հարցը օրակարգում է և դրանք բարձրաձայնվելու են բանակցությունների ընթացքում, Բաքվից զուգահեռ հայտարարություններ են հնչում, որ Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար Ադրբեջանը կստեղծի անհրաժեշտ պայմաններ:

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը, որը հայտնի է նախագահականի հետ սերտ կապերով, վստահեցրել է՝ Ղարաբաղում բնակարանները և մշակութային հուշարձանները պահպանում են հատուկ ջոկատայինները։ Տները կապարակնքված են, և ոչ ոք ներս չի մտնում։

«Կարծում եմ, ինչպես արդեն հայտնել է Ադրբեջանի կառավարությունը, բոլորն, ովքեր կցանկանան վերադառնալ, դրա համար ժամանակ կստանան: Ովքեր կցանկանան վերջնականապես վերադառնալ՝ կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզի գալ ու վերցնել իրերը՝ նրան այդպիսի հնարավորություն կտրվի», - նշել է նա։

Անցած շաբաթ ողջունելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ցանկացողների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Բաքուն պատրաստակամություն էր հայտնել ապահովել տարածաշրջանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից»։

Չի կարող լինել անվտանգություն, եթե արցախցին պետք է ապրի ադրբեջանցու լծի տակ. Գուրգեն Ներսիսյան

Մինչդեռ արցախցիները հակադարձում են՝ Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են և նպատակ ունեն մեղմել միջազգային կառույցներից հնչող քննադատությունները։

Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ չի կարող լինել անվտանգություն, եթե արցախցին պետք է ապրի Ադրբեջանի իշխանության ներքո։ Եվ դրա ապացույցը բռնի տեղահանումից առաջ, անցած 3 տարիների ընթացքում Բաքվի կողմից Արցախի նկատմամբ գործադրված քայլերն են՝ շրջափակումից մինչև ռազմական հարձակում։

«Չի կարող լինել որևէ անվտանգության երաշխիք, եթե արցախցին պետք է ապրի ադրբեջանցու իշխանական լծի տակ: Անցած երեք տարվա ամբողջ իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանն ունի մեկ նպատակ ու այդ նպատակն ունի այն արտահայտությունը հետևանքի տեսքով, որն այսօր ունենք», - ասաց Ներսիսյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն, եթե վերադարձ, ապա միայն պահպանելով ինքնիշխանությունը, միայն այդ դեպքո՞ւմ, Գուրգեն Ներսիսյանը պատասխանեց. - «Ես անվտանգային տարրերի մասին այլ որև պատկերացում անգամ չեմ կարող ունենալ»:

Անվտանգային երաշխիքներ տվող կառույցը կամ պետությունը պետք է ներկայացած լինի Արցախում. Մետաքսե Հակոբյան

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ իր հերթին նշում է՝ խոստացվող անվտանգային որևէ երաշխիք իրենց այլևս չի կարող ստիպել հայրենիք վերադառնալ։ Կարևոր է, որ այդ երաշխիքները տվող ցանկացած կառույց կամ պետություն ներկա լինի Արցախում և տեղում ապահովի խոստացված անվտանգությունը։

«Այդ երաշխիքներ տվողներն առնվազն յուրաքանչյուր հատվածում, որտեղ կտեղափոխվեն նորից իրենց տներն արցախցիներն, իրենց գրասենյակները դնեն ու լինի մշտադիտարկում: Եթե դա կլինի Հայաստանի իշխանությունը ի դեմս վարչապետի, ուրեմն վարչապետը թող բարի լինի իր գրասենյակն ունենա այնտեղ, որը կվերահսկի ու անընդհատ աչքի առաջ կունենան այդ պրոցեսները, կլինի մեկ այլ պետություն, ուրեմն ինքը պետք է անի, որովհետև հեռվից, հազարավոր կիլոմետրերից շատ հանգիստ իրենք ընդամենը կոչեր էին անում, երբ մեր երեխաներին սպանում էին, մորթում էին», - ընդգծեց նա:

Ի դեպ, Մետաքսե Հակոբյանը պնդեց՝ հերքում է Բաքվի այն հավաստիացումները, թե Ղարաբաղում հայերի տները կապարաքնվել են և չեն թալանվում. - «Միանշանակ հերքում եմ, որովհետև կա ինֆորմացիա, որ տներ մտնում են, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում, քանդում են, ավերում են»:

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն անցած ամիս նույնպես խոսել էր արցախցիների վերադարձի ծրագրերի մասին, նշելով, որ դա իրենց օրակարգային հարցերից մեկն է։ Առանց մանրամասների՝ ասել էր, թե պետք է քննարկումներ սկսեն այդ հարցի շուրջ։

ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների հարցը բանակցությունների օրակարգում է. փոխարտգործնախարար
please wait

No media source currently available

0:00 0:06:01 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG