Մատչելիության հղումներ

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ․ ԱԳՆ


Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Բաքվի երեկվա հայտարարություններին։

Պաշտոնական Երևանն իրականության հետ աղերս չունեցող է որակել նաև ՝ Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ։

Երեկ Բաքուն հայտարարել է, որ Երևանից պահանջում է չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները, չխախտել և կասկածի տակ չդնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «դադարեցնել անջատողականության և ահաբեկչության հովանավորումը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում»։

Բաքուն նաև պահանջել է «անհապաղ դուրս բերել հայ զինվորականներին, լուծարել Հայաստանին ենթակա խամաճիկ ռեժիմի ռազմական և այսպես կոչված «կառավարական» կառույցները, զինաթափել Ադրբեջանի տարածքում անօրինական կերպով տեղակայված հայկական բոլոր զինված ուժերին»՝ հավելելով, որ «այդ դեպքում ապօրինի ռեժիմի, այսպես կոչված, «ներկայացուցիչների» նկատմամբ կարող է կիրառվել համաներում։

Երևանը ողջունել է հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ

Պաշտոնական Երևանը ողջունել է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հույս ունենալով, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի։

Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես Երևանն է ընդգծել, ունի հումանիտար բնույթ ինչի անհրաժեշտությունն ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով:

Ավելի քան 3ամիս շարունակված լիակատար շրջափակումից հետո՝ երեկ վաղ առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Ղարաբաղ հումանիտար բեռ է մտել միաժամանակ երկու ճանապարհներով՝ Լաչինի միջանցքով և Աղդամով: Լաչինով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

«Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, Հայաստանի արտգործնախարարույթունն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումով:

Հաագայի դատարանն այդ որոշումով պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց, բեռների անխափան տեղաշարժը։

Հայաստանը կրկին վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին՝ մտահոգություն հայտնելով, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է:

Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ Միշելը ընդգծեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

«Հայաստանը հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի»

Երևանն անհասկանալի է համարել Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին՝ շեշտելով՝ Հայաստանը հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:

«Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար», - ասված է հայտարարությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG