Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը համաձայնեց Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը


Հայաստան - Արցախին Ֆրանսիայի մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը Հակարիի կամրջի մոտ, օգոստոս-սեպտեմբեր, 2023թ.
Հայաստան - Արցախին Ֆրանսիայի մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը Հակարիի կամրջի մոտ, օգոստոս-սեպտեմբեր, 2023թ.

Պաշտոնական Ստեփանակերտը համաձայնել է Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը։ Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտարարեց՝ ընդունել են Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։

«Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը», - մասնավորապես ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

«Ինչպես բոլորը, նույնպես և ես: Դժգոհ կամ գոհ լինելու բան այլևս չկա էլ: Կա գոյություն ունենալ-չունենալու խնդիր», - «Ազատության» հետզրույցում ասաց Ստեփանակերտի բնակչուհի Զարինե Խաչատրյան:

Հացի վաճառքը կտրոնով դարձնելը ճգնաժամը չի մեղմել, որովհետև Արցախում ալյուրի խնդիր կա։ Կառավարությունը խոստովանում է՝ կարողանում են մատակարարել հացի պահանջարկի միայն 20 տոկոսը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ սոված են։

Արցախի իշխանությունը հայտարարում է՝ Աղդամով ու Լաչինով կընդունեն արտասահմանյան ծագումով բեռներ՝ Կարմիր Խաչի մեքենաներով։

Ադրբեջանական 40 տոննա ալյուրն Աղդամի մոտ դեռ սպասում է և Արցախ չի մտել։

«Ազատության» տեղեկությամբ՝ առաջին բեռնատարները վաղն են Ստեփանակերտ մտնելու՝ մեկն՝ Աղդամով, մյուսը՝ Լաչինով, թե հետո ինչ կլինի՝ առայժմ պարզ չէ։

Ստեփանակերտը հայտարարում է նաև. - «Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»:

Իրավիճակը լարվել, ապա լիցքաթափվել է առանց որևէ գործողության

Շաբաթներ շարունակ հայկական կողմն ահազանգում է՝ ադրբեջանական զինուժի կուտակումներ ու տեղաշարժեր են Հայաստանի ու Արցախի առաջնագծի երկայնքով։ Երեկ երեկոյից Մարտակերտից էին տեղեկություններ հասնում, թե իրադրությունը լարված է։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը տագնապային տրամադրությունները փորձեց մեղմել:

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը», - վստահեցրեց ԼՂ Պաշտպանության նախարարությունը:

«Ազատության» տեղեկությամբ՝ երեկ կեսօրից սկսած Սրխավենդի, Կիչան-Նոր Ղազանչի ուղղությամբ է ադրբեջանական կողմը զորք ու զինտեխնիկա կուտակել, որպես թիրախ շրջանառվում էր նաև Սարսանգի ջրամբարի ուղղությունը:

«Պաշտպանության բանակը փորձում է հնարավորինս իր տեսանելիության դաշտում պահել ադրբեջանական զորքերի բոլոր վարքագծային փոփոխությունները և ըստ իրավիճակի որոշակի միջոցառումներ է իրականացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հաստատում է՝ Սրխավենդի ուղղությունից էր ագրեսիայի սպառնալիքը. - «Դա Կիչանի ուղղությունն է, որը որոշակիորեն կապված է շփման գծում և՛ դեպի աջ՝ դեպի Կաշենի հայտնի հանքը, որը որպես առիթ օգտագործեց Ադրբեջանը և սկսեց «բնապահպանական» շարժումը, հետագայում դա բլոկադայի վերածվեց, և այլն: Մյուս կողմից՝ այդտեղ խտությունը ադրբեջանական զորքերի և ծավալը այնքան մեծ է, որ զորքեր կարող են տեղաշարժվել պայմանականորեն Կիչանի ուղղությամբ, բայց դրանք սպառնալիք ստեղծեն ոչ միայն Կիչանի ուղղությամբ, այլ նաև Արցախի Հանրապետության այլ բնակավայրերի կամ այլ կոմունիկացիաների ուղղությամբ»:

Այս պահի դրությամբ իրավիճակը լիցքաթափվել է առանց որևէ գործողության:

«Կուտակումներ եղել ա, ուղղակի ախր մարդիկ խուճապի չեն մատնվել: Կուտակումներ կա, բան, լյուբոյ մամենտ էլի սպասողական, որ կարող ա հարձակվեն», - «Ազատությանն» ասաց Կիչանի համայնքապետ Արտո Հակոբյանը:

Հակոբյանն ասում է՝ գյուղում ապրողները տագնապել են, բայց միևնույն ժամանակ օրվա ռեժիմը չեն փոխել. ուշ երեկոյան ալրաղացում հացի խնդիրն էին փորձում լուծել ...

«Էդ հանքը, մեկ էլ Սարսանգը՝ ուզում են վերցնել, էլի, դրանք, կուտակումն էլ ըտեղի վրայա», - ասաց Մարտակերտի բնակիչ Արա Գրիգորյանը:

«Կուտակումներ կան, զգույշ եղեք», - Գրիգորյանն ասում է՝ ընդամենն այդքանն են լսել։ Կանայք, երեխաներ չեն տարհանվել, եթե նույնիսկ կարիք լինի՝ բենզին չկա։

Արցախի նոր նախագահը՝ Սամվել Շահրամանյանն այսօր Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Պաշտպանության նախարարի զեկույցն են լսել շփման գծի օպերատիվ իրավիճակի մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կատարած աշխատանքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG