Մատչելիության հղումներ

Ռազմաշունչ տրամադրությունների աճը Ադրբեջանում չի դադարում


Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքերի կուտակմանը զուգահեռ ռազմատենչ տրամադրությունները Ադրբեջանում չեն հանդարտվում։

Հանգստյան օրերին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ու կայքեր, այդ թվում առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մերձավորներին պատկանող Baku TV հեռուստաընկերությունը, փոխեցին իրենց տարբերանշանները՝լ դրանցում լատինական А տառը փոխարինելով դրա գլխիվայր շրջված տարբերակով։ Հիշեցնեմ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրապարակված տեսանյութերում հենց այդ նշանն էր պատկերված դեպի հայկական դիրքերը շարժվող ադրբեջանական ռազմական բեռնատարների ու զինտեխնիկայի վրա։

Արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևը իր վերջին նկարներից մեկում, որ հրապարակվել է «Ազատության» ադրբեջանական ծառայության էջում, ևս անդրադարձել է ադրբեջանական ռազմական տեխնիկայի վրա պատկերվող տակտիկական այդ նշանին։ Գլխիվայր լատինատառ А-ն, սակայն, Աղաևի նկարում, կազմված է երեք փակ դագաղներից։

Այն, որ պատերազմի, հետևաբար նոր զոհերի հավանականությունը շատ մեծ է, հասկանում են նաև Բաքվի բնակիչները։ Սակայն Reuters գործակալության ռեպորտաժից դատելով, շարքային ադրբեջանցիներին ավելի շատ հետաքրքրում է ոչ այնքան պատերազմի հավանականությունը, որքան դրա տևողությունը։

«Մենք երևի նոր զոհեր կունենանք։ Մայրերի համար դա շատ ծանր է։ Ես ինքս զորակոչային տարիքի երկու տղա ունեմ։ Հուսով եմ սակայն, որ արագորեն հաղթանակի կհասնենք և ամեն ինչ կհանդարտվի», - Reuters-ի հետ զրույցում նշում է Մանսուրա Լահիջովան։

Ադրբեջանցի տղամարդիկ, հատկապես զորակոչային տարիքից դուրս եկածները, ապագա ռազմական գործողություններից ևս միայն հաղթանակ են սպասում։

«Բանակը մեզ հետ է, մենք՝ բանակի։ Կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի, ես լավատես եմ», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում ասում է Յաշար Ջաֆարովը։

44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցներից ոմանց շրջանում հակառակ տրամադրություններն են տիրում։

«Ես պատերազմ չեմ ուզում», - ընդդիմադիր Abzas Media կայքի հետ զրույցում հայտարարում է «Երիտասարդ վետերանների միության» նախագահ, 2020-ի պատերազմում աջ աչքը կորցրած Հաջի Վելիևը։

«Որպես պատերազմին մասնակցած և դրա ընթացքում ծանր վիրավորում ստացած մարդ, ես չեմ ցանկանում, որ ռազմական գործողություններ լինեն», - ասում է Վելիևը՝ հավելելով. - «Ես ցանկանում եմ դիմել այն մարդկանց, որոնք շարունակ կրկնում են՝ թող պատերազմ լինի։ Ինչո՞ւ դուք չեք ասում, որ այս անգամ ռազմակաճակատ պետք է գնան նաև պաշտոնյաների երեխաները»։

Վելիևը նաև հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի հազարավոր մասնակիցներ մինչև օրս վետերանի կարգավիճակ չեն ստացել, 1000-ից ավելի վիրավորում ստացած ադրբեջանցի զինծառայողներին հաշմանդամության կարգ չի շնորհվում, իսկ ռազմական գործողությունների մասնակիցների համար նախատեսված 80 մանաթ (47 ամերիկյան դոլար) թոշակը նշանակվել է պատերազմի ավարտից միայն 14 ամիս անց։

«Մենք պատերազմից չենք վախենում, սակայն այս անգամ մեզանից առաջ ռազմաճակատ պետք է մեկնեն պաշտոնյաների զավակները», - գրում է Վելիևը։

Ադրբեջանցի ընդդիմադիրների մի մասի մոտ ևս ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկն առանձնապես մեծ ոգևորություն չի առաջացնում:

«Մենք պետք է անենք առավելագույնը պատերազմի վերսկսումից խուսափելու համար։ Բավարար հնարավորություններ կան թե' խաղաղ բանակցություններ ծավալելու, թե' դրանք հաջողությամբ ավարտելու համար», - օրերս Ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, նախկին քաղբանտարկյալ Թոֆիգ Յաղուբլուն։ Նրա այս գրառումը երեք օրում Ֆեյսբուքում ավելի քան 800 օգտատեր է հավանել, մեկնաբանություններում ամենից հաճախ հնչող կոչերից մեկն էլ կրկին պաշտոնյաների զավակներին զորակոչելն է։

Ադրբեջանցի ընդդիմադիրների շրջանում սակայն նաև լավատեսներ կան։ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության անդամ Նաթիգ Ջաֆարլին օրինակ կարծում է, որ հանգստյան օրերին հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականությունը որոշակիորեն նվազել է։

«Բարեբախտաբար, վերջին 24 ժամերին մենք տեսնում ենք, որ ռազմատենչ հրետոռաբանությունը երկու կողմից հետին պլան է մղվում։ Առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու փորձեր են կատարվում։ Թե' Հայաստանի վարչապետը և թե' Ադրբեջանի նախագահը ակտիվ հեռախոսային շփումների մեջ էին, այսինքն՝ անուղղակի բանակցությունները շարունակվում են։ Միջազգային միջնորդներ են ներգրավվել։ Այնպես որ, իրավիճակի լարումը, չհասնելով իր գագաթնակետին, կարծես սկսում է նվազել», - ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաընկերության եթերում կիրակի օրը նշել է Ջաֆարլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG